Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին
Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի (տնօրեն՝ Անահիտ Պապայան) հերթական միջոցառումը, որը կկայանա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, մարտի 23-ին, նվիրված է հիշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին:
Այս առիթով «Առավոտը» մտաբերեց ժամանակին երաժշտագետ, պրոֆեսոր Արաքսի Սարյանի խոսքը կոմպոզիտորի մասին. «Ստեփան Լուսիկյանն ապրեց 45 տարի: Շատ քիչ եղավ եւ իր, եւ բոլոր նրանց համար, որոնք կարողացան ճանաչել ու գնահատել նրա թե մարդկային, թե ստեղծագործողի արժեքները: Քիչ էր, բայց բովանդակալից, քանզի 45-ամյա այրը իր որոշակի հետքը թողեց շրջապատի հուշերում եւ, ամենակարեւորը՝ իր ժողովրդի երաժշտական տարեգրության էջերում… Հիշարժան է նրա կոմպոզիցիայի ուսուցչին՝ Ղազարոս Սարյանին հղած մոսկվաբնակ ճանաչված կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի հետեւյալ միտքը՝ շտապում եմ կիսել քեզ հետ իմ ուրախությունը, որ ունեցա երեկ՝ Հայաստանի կոմպոզիտորների համերգում: Այն անմիջական կապ ունի քեզ հետ. խոսքը Ստեփան Լուսիկյանի մասին է: Շատ տաղանդավոր երիտասարդ է: Նրա երկու երգը ավելի արժեին մյուսների սիմֆոնիաներից եւ օրատորիաներից…»:
Ճանաչված արվեստագետ Դանիել Երաժիշտը աշխատություն է նվիրել Ս. Լուսիկյանի կյանքին ու գործունեությանը: Գիրքն ընդգրկում է կոմպոզիտորի կյանքը, ստեղծագործությւոնների վերլուծությունը, նրա արվեստին ասված երաժշտագետների գնահատականները, ժամանակակիցների հուշերը:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Դանիել Երաժիշտն ասաց. «Անավարտ սիմֆոնիա-անավարտ կյանք», տարիներ առաջ այսպես էի վերնագրել Շուբերտի ծննդյան 200-ամյակին նվիրված հոդվածս: Այս վերնագիրը կարող էր նաեւ բնաբան հանդիսանալ եւ այլ վաղամեռիկ արվեստագետների կենսագրության համար՝ Պետրոս Դուրյան, Սիամանթո, Վարուժան… Մեր ժամանակակիցներից «անավարտ կյանք» են ապրել դիրիժորներ Գերման Տերտերյանը, Դավիթ Խանջյանը, երգիչ Սարգիս Գույումջյանը, կոմպոզիտոր Հարություն Դելալյանը… Համաշխարհային Պանթեոնից հիշենք հանճարեղ Ստրադելլային, Պերգոլեզիին, վերածննդի շրջանի գեղանկարիչ Մազաչչոյին, Պուշկինին, Մենդելսոնին… Եթե երկարակյաց կոմպոզիտոր Հայդնի նամակում շողշողում են Հորացիոսի խոսքերը՝ «Non omnis moriar», թարգմանաբար՝ ես իսպառ չեմ մեռնի, ապա կյանքից անժամանակ հեռացած արվեստագետների շիրմաքարին տեղին կլիներ հենց Շուբերտի տապանաքարի վրա հետեւյալ գրառությունը՝ աստ թաղված են երաժշտության գանձերը, բայց ավելի շատ՝ հույսեր…»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց բաժին կյանքը վաղամեռիկ արվեստագետները ոչ թե կաթիլ առ կաթիլ սպառեցին մեկ դարի ընթացքում, իրենց հոգու կրակը ոչ թե վերածեցին մարմրող ճրագի, այլ բռնկվեցին, բոցավառվեցին՝ իրենք այրվելով՝ լուսավորեցին ու ջերմացրին ուրիշներին: «Կյանքից անժամանակ հեռացած արվեստագետներին միավորողը նվիրումն է իրենց առաքելությանը եւ ընդհանուր ճակատագիրը, որը յուրովի է մեկնաբանել մի գերմանացի երաժշտագետ: Վերջինիս հարցրել են, թե ինչու Մոցարտի կյանքն այդքան կարճատեւ էր, չէ՞ որ Ամադեուս անունը նշանակում է Աստծո սիրեցյալ, չէ՞ որ նա իրոք աստվածատուր հանճարի տեր էր: Երաժշտագետը պատասխանել էր՝ Դրախտում պետք էր փոխարինել Օրփեոսին, ուստի Աստված Մոցարտին շտապ տեղափոխեց դրախտ: Իսկ որտեղ Մոցարտը՝ այնտեղ նվագախումբ, դիրիժորներ, դաշնակահարներ…
Իսկապես, մարդու անունը, ազգանունը որոշակի դեր է խաղում նրա ճակատագրում: Լուսիկյան… Նրա լուսեղեն երգերից՝ «Կիլիկիայից», «Օրորից», «Կորսված դրախտից» եւ վերջինիս վրա հիմնված «Կապույտ դրախտից», որում հնչում են «Աստվածաշունչն է կանչում» խոսքերը, մեղմ լույս է ճառագում, իսկ զանգերը ոչ թե գուժում, այլ ավետում են անմահություն»:
Զրույցի ընթացքում Դանիել Երաժիշտը մեկառմեկ հիշեց Լուսիկյանի սիմֆոնիկ եւ կամերային բազմաթիվ երկերը, այդ թվում՝ դաշնամուրային կոնցերտները, կամերային սիմֆոնիան, կվարտետը, տարբեր գործիքների համար գրված սոնատները, Երեւանի եւ Գյումրիի թատրոնների շուրջ 30 ներկայացումների համար գրված կոմպոզիտորի երաժշտությունը, երեխաների համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը: Նշեց, որ յուրաքանչյուր երկի պրեմիերան ընդունվում էր մեծ հետաքրքրությամբ, առիթ տալով մտածելու, թե ասպարեզում է յուրօրինակ տաղանդով օժտված ստեղծագործող:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դանիել Երաժշտի լուսանկարը՝
panarmenian.net-ից
«Առավոտ» օրաթերթ
22.03.2016