«Ես չե՛մ հավատում, որ ռուսները պատերազմ են ուզում, նրանք ուզում են պատերազմի պտուղները»,- 1946 թվականին ասել է Ուինսթոն Չերչիլը
Մարտի 14-ին Պուտինը հայտարարեց հաջորդ օրվանից ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Ի՞նչը դրդեց Կրեմլին գնալ այսպիսի քայլի: Դրա վերջնական պատասխանը տալուց այսօր խուսափում են բոլորը՝ թե՛ ռուսներն իրենք, թե՛ Արեւմուտքում, թե՛ Մերձավոր Արեւելքում արաբներն ու իսրայելցիները՝ միաձայն նշելով, որ սա անսպասելի էր:
Այլ է հարցը, երբ խոսում են մոտ վեցամսյա սիրիական արշավանքի արդյունքների մասին: Ասում են՝ ռուսները հասել են իրենց բոլոր նպատակներին եւ հեռանում են, կամ էլ ասում են հակառակը՝ ռուսները ստիպված լքում են մարտի դաշտը:
Ստանդարտ մոտեցումը հուշում է, որ արտաքին քաղաքականության զիգզագների եւ վայրիվերումների պատճառները պետք է փնտրել ներքաղաքական դաշտում: Այլեւս կասկած չկա, որ Ուկրաինայում պատերազմի սանձազերծումը 2014-ին «եվրասիական» արտաքին քաղաքականության ֆոնին պայմանավորված էր ՌԴ ներքաղաքական հրամայականներով: Սակայն այնուհետեւ նոր՝ արտաքին գործոններ ի հայտ եկան՝ պատժամիջոցներ, միջազգային հանրության համերաշխություն Ուկրաինայի հետ, նավթի գնի շեշտակի անկում, ուկրաինացիների համառ դիմադրություն: Եվ այդ ամենի արդյունքում փոփոխվեցին ներքաղաքական հրամայականները: Ընդունվեց որոշում՝ սառեցնել պատերազմն Ուկրաինայում՝ վերջնական միջազգային մեկուսացումը ճեղքելու մտադրությամբ: Մինչպատերազմական ստատուս-քվոյին Ուկրաինայում վերադառնալը հղի է Պուտինի իշխանության համար կենսական աստիճանի վտանգներով երկրի ներսում, եւ որպեսզի պատերազմի սառեցման քաղաքական էֆեկտը լինի մաքսիմալ, Կրեմլը որոշում ընդունեց Ուկրաինային «օգնելուց» հետո սկսել «փրկել» Բաշար Ասադին Սիրիայում:
Կարդացեք նաև
Պետական քարոզչության գզրոցներից հանվեցին վաղուց մոռացված հակաահաբեկչական կլիշեները՝ այս անգամ արդեն ուղղված ընդդեմ «Իսլամական պետության»: Ինչպես միշտ, իրականությունը, մեղմ ասած, այլ էր, քանզի ավիահարվածների 90 տոկոսը կապ չուներ այդ «Իսլամական պետության» հետ, եւ Ասադի բանակն էլ, ըստ էության, որեւէ անմիջական շփում չուներ այդ ուժի հետ: Եվ ընդհանրապես, Ասադի խնդիրը ոչ այնքան ԻՊ-ն էր, որքան նրա բանակի հետ անմիջական մարտական շփման մեջ գտնվող՝ ոչ իսլամիստական այլ ուժերը, որոնց էլ հասավ ռուսական հարվածների առյուծի բաժինը:
Ռազմական գործողությունների համեմատական քարտեզները ցույց են տալիս, որ հայտարարված ռազմական խնդիրները, ըստ էության, այդպես էլ չլուծվեցին: ԻՊ-ն «իր տեղում է», Հալեպի զգալի մասը, ինչպես եւ առաջ էր, շարունակում է մնալ հակաասադական տարբեր խմբավորումների հսկողության ներքո: Բացի դրանից, տեղի ունեցավ, ավելի ճիշտ՝ չունեցավ, մի շատ կարեւոր բան. առաջին անգամ լայնամասշտաբ պատերազմը Մերձավոր Արեւելքում ոչ միայն չբերեց նավթի գների աճի, այլեւ նույնիսկ չկասեցրեց նրանց հետագա անկումը: Այլեւս իրականություն է Սաուդյան Արաբիայի նախկին նավթի նախարար, շեյխ Ահմեդ Յամանիի՝ 1982-ին արված նախազգուշացումը, որ քարե դարն ավարտվեց ո՛չ այն պատճառով, որ վերջացան քարերը…
Սիրիական արշավանքի ամենածանր «նստվածքը» Էրդողանի Թուրքիայի հետ հարաբերությունների էական վատթարացումն էր բազմամյա «եղբայրությունից» հետո: Եվ եթե երկու նեոկայսերական ռազմավարությունների վաղ թե ուշ բախման հավանականությունը մեծ էր, քանի որ ուժի վեկտորները հատվում էին բազմաթիվ կետերում, ապա գոնե սիրիական արշավանքի պարագայում այդ բախումն անխուսափելի է թվում: Արդյունքում ի հայտ եկավ միանգամայն մի նոր գործոն՝ այն, որ ռուսների եւ Արեւմուտքի, առաջին հերթին՝ ամերիկացիների մոտեցումները քրդական ուժերի նկատմամբ էապես համընկան, իհարկե՝ պայմանավորված տարբեր դրդապատճառներով:
Անշուշտ, ռուսները կարողացան ամրապնդել Ասադին իր դիրքերում, բայց այն, որ նա վերահսկում է Սիրիայի միայն մեկ քառորդը, այն առավելագույնն է, ինչին նա կարող է հավակնել, մինչդեռ մի քանի շաբաթ առաջ նա խոսում էր ամբողջ Սիրիայի նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին: Արաբական առաջնորդները Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամը չէ, որ ձգտել են ռուսների ձեռքերով հաղթանակ կորզել իրենց թշնամիների նկատմամբ՝ ներքին կամ արտաքին, ինչը վերջնարդյունքում միշտ էլ ավարտվել է անհաջողությամբ եւ ռուսների հիասթափությամբ: Այս անգամ ռուսները, արձանագրելով նվազագույն մարտավարական հաջողություններ եւ չարյաց փորագույնն ընդունելով որպես բարիք, փորձեցին ժամանակին դուրս գալ իրենց իսկ ստեղծած բարդագույն իրավիճակից: Եվ եթե սա «պլյուս» է ռուսների համար, ապա խիստ հարաբերական՝ հաշվի առնելով մինչ այդ դրված նպատակները եւ արդեն իսկ ծագած հետեւանքները:
Ամերիկացիներն ի սկզբանե մեծ զգուշավորությամբ են գործածել ռազմական գործիքը սիրիական պատերազմում: Նրանց ներգործությունը դեպքերի ընթացքին ավելի շատ կրել եւ կրում է ռազմաքաղաքական բնույթ, ընդ որում՝ դրա քաղաքական բաղադրիչի էական գերակշռությամբ: Առաջնահերթը եղել է դաշնակիցներին օգնելը: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. սիրիացի քրդերը 800-կիլոմետրանոց թուրք-սիրիական սահմանի գրեթե 700 կիլոմետրը վերցրել են հսկողության տակ եւ մի քանի օր առաջ հայտարարել առայժմ ինքնավարության մասին: Բաjց սա արդեն ռուսական «խաղը» չէ: Սայքս-Պիկոյի՝ 1916 թվականի սահմանների մերձավորարեւելյան ճարտարապետության շահառուներն այլեւս չունեն ոչ այն կարողությունը, ոչ էլ ցանկությունը՝ միջամտելու, հարյուր տարի առաջվա պես, տարածաշրջանի գործընթացներին, եւ միակ, ֆունկցիոնալ առումով գործունակ ուժը, որն ընդունակ կլինի բերել հակասող շահերն ընդհանուր հայտարարի՝ ԱՄՆ-ն է: Իրանը, ինչպես հայտնում է մամուլը, նույնպես դուրս բերեց իր հարվածային ուժերը: Իսկ ամերիկյան դիվանագիտության ջանքերով հաստատված զինադադարն էլ մեծ հաշվով հազիվ թե որեւէ մեկը համարձակվի կոպտորեն խախտել: Ուրվագծվող ճարտարապետությունն առայժմ ենթադրում է Սիրիայի, ինչպես նաեւ Իրաքի ապակենտրոնացումը: Ի վերջո, այլ կերպ հնարավոր չէ նորից «հավաքել» դե-ֆակտո փլուզված, առանց այն էլ այդպես էլ պետական ինքնություն ձեռք չբերած հանրությունները, որոնց մոտ ավելի առաջնահերթ է եւ խորացել է էթնո-կրոնական եւ ցեղային ինքնությունը: Սակայն Մերձավոր Արեւելքը Եվրոպա չէ, պատմական ավանդույթն այստեղ ուրիշ է, եւ ցանկացած ապակենտրոնացման գաղափար կընկալվի որպես կա՛մ քաոս, կա՛մ անկախություն:
…1798թ հուլիսի 21-ին Նապոլեոն Բոնապարտի հետեւակին շրջապատեցին Եգիպտոսի խեդիվ Մուրադ-բեյի զինված հեծյալները: «Ավանակներին եւ գիտնականներին՝ մեջտե՛ղ», – հրամայեց Բոնապարտը՝ հետեւակը շարելով «կառե» մարտակարգով (Ֆրանսիացի զորավարը հետը գիտնականներ էր բերել՝ Եգիպտոսն ուսումնասիրելու գործում իր երկրի առաջնայնությունը հաստատելու համար): Իհարկե, եվրոպական կարգապահությունը հաջողությամբ հետ մղեց արեւելյան հախուռն գրոհը, Նապոլեոնը հաղթեց այդ ճակատամարտում: Սակայն ռազմավարական առումով նրա եգիպտական արշավանքը դատապարտված էր: Երբ անգլիացի ադմիրալ Նելսոնն Աբուքիրում խորտակեց ֆրանսիական նավատորմը, պարտությունը դարձավ վերջնական, եւ Բոնապարտը, թողնելով բանակը բախտի քմահաճույքին, լքեց Եգիպտոսը: Ամբողջ արշավանքն ունեցավ երկու արդյունք՝ ռազմական պարտություն եւ եգիպտագիտության աննախադեպ վերելք:
Ռուսաստանի սիրիական արշավանքն ավարտվեց «պատային» արդյունքով, սակայն ռուսական «կառե»-ի մեջտեղում գիտնականներ չկան: Կարծես՝ «ավանակներ», որոնք իրենց մեջքի վրա կհամաձայնվեն կրել ռուսական կայսերական շահերի եւ պատվախնդրության բեռը, ինչպես երեւում է, նույնպես չկան: Եվ արդյունքում մերձավորարեւելյան խաղի հաղթաթղթերը հայտնվել են ամերիկացիների ձեռքում, ինչը թե՛ սպասելի էր, թե՛ օրինաչափ: Պուտինից պետք է հերթական արտաքին քաղաքական «նորություն» սպասել, առանց դրա նրա իշխանությունը կարող է շատ արագ վտանգվել: Ինչի մասին կլինի այդ նորությունը՝ պարզ կդառնա շատ շուտով:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2016
Ռուսական զորքերը – մասնակի կերպով – Սիրիայից դուրս բերելու յայտարարութեան իմաստը պարզ էր՝ շնորհիւ Ռուսիոյ զօրակցութեան, Սուրիոյ կառավարութիւնը բաւարար լաւ վիճակի մէջ էր, որպէսզի նուազ ռուսական օգնութեամբ կարենայ շարունակել երկրի մաքրագործումը:
Այսինքն, այդ յայտարարութիւնը հաստատումն էր՝ Սուրիոյ մէջ Ռուսաստանի միջամտութեան յաջողութեան, եւ հետեւաբար Արեւմուտքի պարտութեան: