Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով Բրյուսելում այսօր կատարված ահաբեկչական գործողություններն, ասաց. «Բրյուսելին հարվածել, նշանակում է ապտակ հասցնել ամբողջ Եվրոպային, Բրյուսելին հարվածում են միտումնավոր՝ ցույց տալով, որ եթե Եվրամիությունը, աշխարհի ամենահզոր ռազմաքաղաքական բլոկ ՆԱՏՕ-ն չի կարող իր կենտրոնատեղի՝ «մայրաքաղաքի» անվտանգությունն ապահովել, ուրեմն մենք ինչ ուզենք կանենք եվրոպական ցանկացած երկրի մայրաքաղաքում ու քաղաքում: Բոլոր ահաբեկչական գործողությունները հետեւանք են այն բանի, որ 50-60-ական թվականներից սկսած խոշոր եվրոպական պետությունների՝ էժան աշխատուժի ներհոսքը եվրոպական երկրներ ապահովելու ու հետագայում այդ ժողովրդին եվրոպական արժեքներին սովորեցնելու քաղաքականությունը լիովին ձախողվեց: Այդ մարդիկ չցանկացան դառնալ եվրոպացի, ընդհակառակը նրանք թելադրեցին իրենց օրենքները. այսօրվա դրությամբ Բրյուսելում, Համբուրգում, Փարիզում, Բեռլինում, Մարսելում թաղամասեր կան, որտեղ ոչ մի ոստիկան չի մտնում:
Եվրոպական ԶԼՄ-ները փաստեր են ներկայացնում, որ այս նույն քաղաքներում Շարիաթի օրենքներով դատավարություններ են ընթանում. մարդկանց ձեռքերն են կտրում, կանանց քարկոծելով են պատժում ամուսիններին դավաճանելու համար, ինչի՞ մասին է խոսքը, ու դա 21-րդ դարի Եվրոպայում: Այսօրվա լրատվական հոսքն ամեն ինչ ասում է. ԶԼՄ-ներ հաղորդում են, թե Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող Մաալբեկ մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Զավեշտալին այն է, որ Եվրամիության մայրաքաղաք համարվող, Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում գտնվող խոշորագույն քաղաք Բրյուսելում կա եվրոպական թաղամաս, այսինքն` Բրյուսելում եվրոպացիները փոքրամասնություն են, նման անհեթեթություն միայն կարող ենք ֆանտաստիկ ժանրում կարդալ: Օրինակ՝ պատկերացնու՞ւմ եք Երեւանում լինի հայկական թաղամաս կամ Մոսկվայում ռուսական թաղամաս, Թեհրանում ասիական կամ մահմեդական թաղամաս, դա աբսուրդ է: Այդպիսի աբսուրդի միայն կարելի է հանդիպել տոլեռանդ Եվրոպայում»:
Հարցին, թե թուրք ընդդիմադիր պատգամավոր Գայե Ուսլուն այս ահաբեկչության մեջ մեղադրում է Էրդողանին՝ մեջբերելով նրա խոսքերը ուղղված Բրյուսելին, թե ձեր ոտքն էլ կդիպչի ականին, մեր զրուցակիցն ասաց. «Թուրք ընդդիմադիրները երբեմն ահաբեկչությունների թիկունքում տեսնում են կանգնած Էրդողանին, մեղադրում են նրան, որը միտումնավոր կազմակերպելով ահաբեկչական ակտերը՝ բնակչության ուշադրությունը շեղում է նախ առաջինը ահագնացող սոցիալ-տնտեսական վատթար վիճակից, երկրորդը՝ ահաբեկչությունից 15-20 րոպե հետո թուրքական պաշտոնական լրատվությունն այդ ահաբեկչությունների մեջ մեղադրում է կամ քրդերին կամ «Իսլամական պետության»-ը:
Սա ունի երկու նպատակ. առաջինն արդարացնել երկրի հարավ-արեւելքում քրդերի նկատմամբ տարվող ցեղասպանությունը, թուրքական իշխանությունը հիմա քրդերին ցեղասպանության է ենթարկում հարավ-արեւելքում, երկրորդ՝ ռուսական կողմից ու շատ այլ լրատվամիջոցների կողմից ձեռք բերված ապացույցներն այն մասին, որ Թուրքիայի նախագահը ու իր ընտանիքը համագործակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխների հետ, կոնկրետ նավթի վաճառքը, թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մեղադրանքներից ձերբազատվեն: Այս ահաբեկչությունների միջոցով իրենք ուզում են ասել, որ իրենք բացարձակ ոչ մի կապ չունեն «Իսլամական պետության» հետ, «Իսլամական պետություն»-ը Թուրքիայի թշնամին է: Այս ահաբեկչություններով իրենք հասարակությանը քաշում են դեպի Էրդողանը, այսինքն` կա մեկ ընդհանուր թշնամի, ու ժողովուրդը միավորվում է պայքարելու այդ մեկ ընդհանուր թշնամու դեմ:
Կարդացեք նաև
Այնպես որ ես չեմ զարմանա, եթե այս նույն ահաբեկչությունների հետեւում կանգնած լինի թուրքական պետությունը, որովհետեւ այս պետությունը դեռ հնուց ունի շատ հմուտ փորձ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու: Նույնիսկ Թուրքիայի ներսում կա ահաբեկչական կազմակերպություն, որն ունի իր քաղաքական թեւը, դա Թուրքիայի ազգայնական կուսակցությունն է, Բեվլեթ Բահչելիի ղեկավարությամբ, միշտ ներկա է Թուրքիայի օրենսդիր մարմնում, նրա ռազմական թեւը հայտնի «Բոզ գուրտ»՝ մոխրագույն գայլեր կազմակերպությունն է, որոնց կողմից կազմակերպված ահաբեկչությունները շատ մեծ զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում, նրանց ամենահայտնի ահաբեկչական գործողությունը 1981թ. մայիսի 13-ին թուրք Մեհմեդ Ալի Աղջայի կողմից Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ կատարված մահափորձն էր: Նորագույն շրջանում թե՚ Արցախյան պարտերազմի ժամանակ էր Թուրքիան ահաբեկիչներին ուղարկում Ադրբեջան, թե չեչենական պատերազմի ժամանակ էր Հյուսիս- կովկասյան ահաբեկիչներին պատսպարում իր տարածքում, հիմա էլ շատ հմտորեն համագործակցում է իսլամական ինչպես խոշոր, այնպես էլ մանր-մունր ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք գործում են Սիրիայում: Չեմ զարմանա, որ բրյուսելյան ահաբեկչությունների հետքը տանի դեպի Թուրքիա», -ասաց Գագիկ Համբարյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ