Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդեց ամբաստանյալներին դատարանում անհապաղ ազատ արձակել

Մարտ 22,2016 23:15

Մարտի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացավ 2015թ. հունվարի 17-ին Աչաջուր գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով դատավարության հերթական նիստը:

Ամբաստանյալ Հովհաննես Ղալթախչյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ իր պաշտպանյալ Հ. Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ապօրինի զենք-զինամթերքի հոդվածով, այդ մեղադրանքն առնչվում է Արթուր Մելիքբեկյանին, ով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է, այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, դատավճիռը ուժի է մտել:

Լ.Սիմոնյանը դատարանին միջնորդեց  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից պահանջել եւ ստանալ Ա.Մելիքբեկյանի արդարացման դատավճիռը եւ այն կցել քննվող քրեական գործին: Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը հայտնեց, որ իր տեղեկություններով Արթուր Մելիքբեկյանի արդարացման վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշեց պաշտպանի միջնորդությունը բավարարել եւ դիմել Տավուշի մարի առաջին ատյանի դատարանի նախագահին, որպեսզի ճշտվի՝ Ա. Մելիքբեկյանի վերաբերյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացվե՞լ է, թե՝ ոչ:

Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց,որ 2015թ. փետրվարի 13-ին եւ դրանից հետո մի քանի օր գաղտնալսվել են  իր եւ իր վստահորդ Կամո Ղալթախչյանի հեռախոսային խոսակցությունները, դրանք զննվել են քննիչի կողմից, փաստաբանական ծառայությանը վերաբերող այդ խոսակցությունները գաղտնալսելը  օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի խախտում է:

Պաշտպանը դատարանին խնդրեց որոշում կայացնել  այդ  հեռախոսային խոսակցությունների արձանագրությունը դատարանում չհետազոտելու եւ դրանք ոչնչացնելու մասին: Մեղադրող Ն. Չիլինգարյանն առաջարկեց այդ միջնորդության քննարկումը հետաձգել, այն քննարկել ապացույցների հետազոտման փուլում: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշեց այդ միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ  ապացույցների հետազոտման փուլի ավարտը:

Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալներ Գագիկ Ալավերդյանի, Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների հանդեպ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը դատարանի որոշմամբ բազմիցս երկարաձգվել է , սահմանված կալանքի ժամկետները լրացել են, սակայն նրանք գտնվում են  կալանքի տակ, ինչ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է: Պաշտպանը ներկայացնելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռը, միջնորդեց իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխել եւ նրանց դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել: Մեղադրող Ն. Չիլինգարյանը հայտնեց, որ այդ միջնորդության նկատմամբ կարող է վերաբերմունք հայտնել միջնորդության մեջ ներկայացված իրավական ակտերին ծանոթանալուց հետո, նաեւ 2 օր ժամանակ խնդրեց միջնորդության հանդեպ դիրքորոշում արտահայտելուն նախապատրաստվելու համար:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 31-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031