«Երբ ընդհանուր ձեւակերպումներ կան, որոնք կարող են շահարկվել Ադրբեջանի կողմից, դրանց դեմ պետք է պայքարել: Երեկ ամբողջ օրվա մեր աշխատանքի հաջողությունը եղել է այն, որ բոլոր զեկույցներում, բոլոր ձեւակերպումներն ամրագրվել են այնպես, որպեսզի մեր թշնամիները չկարողանան դրանք շահարկել: Այն առաջարկները, որոնք վերաբերվում էին Հայաստանին, Հայաստանի շահերին, կարողացել ենք ամրագրել», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում են «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Բրյուսելում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Թեեւ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, բավական լարված իրավիճակ էր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներն այսօր շարունակվել են բնականոն հունով: Մտավախություններ կային, որ նիստի աշխատանքները կընդհատվեն: Լիագումար նիստում Վեհաժողովը քննարկելու եւ հաստատման է ներկայացնելու չորս զեկույց` քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար թեմաներով: Քաղաքական հարցերի հանձնաժողովի անունից պատրաստվող զեկույցի համահեղինակն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, այն նվիրված է «ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին քաղաքականությունն ու նրանց անվտանգության արտաքին սպառնալիքները» թեմային:
Օրակարգում Հայաստանին վերաբերվող կոնկրետ հարցեր չկան: Բայց, ըստ Թեւան Պողոսյանի, ուկրաինական պատվիրակության անդամները ասենք, բարձրաձայնում են ագրեսիայի խնդիրը`ձեւակերպելով «օկուպացված տարածքներ» եւ երբ դա ասվում է ընդհանուր, հասկանալի է, որ ադրբեջանական կողմը կարող է իր շահերից օգտագործել:
Կարդացեք նաև
«Պետք էր գտնել այն ճիշտ ձեւակերպումներ, որոնք առնչվում էին կոնկրետ երկրի դեպքին եւ չառընչվեին ԼՂՀ հակամարտությանը»,- ասաց Թեւան Պողոսյանը`հավելելով, որ ոչ վրացական, ոչ մոլդովական, ոչ էլ ուկրաինական պատվիրակների դիրքորոշումները չեն փոխվել, եվրոպացի շատ պատվիրակների ընկալումներում էլ գերակշռում այն, որ խնդիրը հակառուսական պայքարն է եւ հայկական կողմին չի վերաբերվում. «Բայց, ընդհանուր քննարկումներում եւ ձեւակերպումներում չլինեին այնպիսի ձեւակերպումներ լինեն, որոնք ադրբեջանցիները կարողանային իրենց շահերին ծառայեցնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ