Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Պապոյանը Լուսինե Ղաբուզյանին ծեծողին՝ «Ձեր գնացքը գնացել է». (Տեսանյութ)

Մարտ 22,2016 19:55

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, ինչպես տուժողն է պատմել, մոտ 15 տարի ամուսնու կողմից բռնության ենթարկված Լուսինե Ղաբուզյանի վերաքննիչ բողոքի քննության դատական նիստն էր:

Հիշեցնենք,  որ հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը վճռել է Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանին, որը մեղադրվում էր Ղաբուզյանին եւ դստերը բռնության ենթարկելու մեջ,  տուգանել 150 հազար դրամի չափով։ Դատարանի այս վճիռը տուժողը բողոքարկել է: Այսօր նիստին վերաքննիչ բողոքին անդրադարձ չեղավ, քանի որ նիստը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց Խեչոյանին հանրային պաշտպան տրամադրել: Բացի այս, Խեչոյանը դեմ էր, որպեսզի լրագրողները լուսաբանեն ու պահանջում էր դռնփակ նիստ:

«Իմ անձնական, ընտանեկան հարցն է, որ էս կազմակերպությունը (նկատի ունի Կանանց աջակցման կենտրոնը Ն.Բ.) զոքանչիս էրեսից սարքեցին կինո, խայտառակեցին սոցցանցերում: Չեմ ուզում լուսաբանեն: Առանց որեւէ հիմքի, ապացույցի, ինձ վեկալան, խուլիգան սարքեցին»,-փորձեց իր պահանջը հիմնավորել Խեչոյանը:

Մինչդեռ դատավորը պարզաբանեց, որ դատական նիստի դռնփակ լինելու հարցը կքննարկեն հաջորդ նիստին: Ու երբ Խեչոյանը նորից հայտարարեց, որ իրեն խայտառակել են, սուտ տեղեկություններ են գրել եւ այլ նման բաներ, դատավոր Պապոյանն ասաց. «Խեչոյան, այս փուլում այլեւս արդարություն վերականգնելու ձեր գնացքը գնացել է, հասկացա՞ք»:

Երբ դատավոր Պապոյանը հաջորդ նիստի օրն ու ժամն էր որոշում, Խեչոյանը վստահեցրեց, որ ապրիլի 12-ին ժամը 12.00-ին ինքը չի կարող ներկա գտնվել, քանի որ անչափահաս երեխաներ ունի եւ ինքը պետք է դպրոց տանի-բերի:  Խեչոյանին աջակցելու էին եկել նրա հարազատները, որոնք նստած էին դահլիճում: Դատավորը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են նստած Խեչոյանի հետեւում, ինչին ի պատասխան Խեչոյանն ասաց, որ ծնողներն ու ազգականները: «Ձեր ծնողներին ավելի լավ է ձեր երեխաների խնամքով զբաղվեն, քան թե ձեր խնամքով»,-ասաց դատավորն ու որոշեց՝ հաջորդ նիստն ապրիլի 12-ին ժամը 12.00-ին է:

Նիստից հետո Aravot.am-ը փորձեց Կարեն Խեչոյանից հարցազրույց վերցնել ու անձամբ նրանից լսել, թե ինչ է տեղի ունեցել, ինչպե՞ս կարձագանքի առաջին ատյանի որոշմանը եւ կնոջ՝ Լուսինե Ղաբուզյանի հայտարարություններին: Խեչոյանն ու նրա հարազատները շատ վրդովված ու ագրեսիվ ասացին՝ «Քեզ բան չունենք ասելու: Ի՞նչ պարզաբանում: Գնա էն կազմակերպությունը լուսաբանեք, որ 5 էրեխին որբացրին, մորն ու էրեխեքին առանձին թողին, մարդին ու էն 3 էրեխեքին առանձին»:

Խեչոյանի հարազատները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ մեզ:

Aravot.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Նոնա Գալստյանն ասաց, որ այս գործը ընտանեկան բռնության դեպք է եւ առանձնահատկությունը այն է, որ ըստ էության, բռնություն է կիրառվել ե՛ւ կնոջ, ե՛ւ դստեր նկատմամբ. «Մենք գտնում ենք, որ բացի ֆիզիկական բռնությունից, եղել է նաեւ հոգեբանական եւ սեռական բռնություն: Ցավոք, առաջին ատյանը գնահատական է տվել միայն ֆիզիկական բռնության մասով,  պատիժը խիստ անհամաչափ է, հաշվի չի առնվել ծանրացուցիչ հանգամանքները՝ ալկոհոլի ազդեցության տակ է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Անդրադառնալով Խեչոյանի՝ դռնփակ նիստի անելու պահանջին, Նոնա Գալստյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտանեկան բռնության դեպքերով միտում նկատվի դռնփակ նիստերի, ապա դա շատ բացասական կարող է անդրադառնալ՝ քննության պատշաճության եւ օբյեկտիվության առումով:

Կարեն Խեչոյանի՝ Լուսինե Ղաբուզյանի հոգեկան հիվանդ լինելու մեղադրանքին անդրադառնալով փաստաբանն ասաց, որ կինը մոտ 15 տարի բռնության է ենթարկվել եւ այդ ընթացքում նրա մոտ հոգեպես անկայուն վիճակ է առաջացել:

Նշենք, որ Լուսինե Ղաբուզյանը այսօր նիստին ներկա չէր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031