Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօր գլխավոր խնդիրը օդանավակայանի նախկին շենքը ջախջախումից փրկելն է». Հակոբ Ճաղարյան

Մարտ 22,2016 19:00

«Մասնավոր օդանավակայան ունենալը շատ լավ բան է, բայց Հայաստանին հարկավոր է ունենալ պետական օդանավակայան: Եթե վերակառուցեինք և կառավարությունը օգներ այն ֆինանսապես ավելի մատչելի կլիներ և հասարակության կողմց էլ ընդունելի: Օդանավակայանը ստրատեգիկ օբյեկտ է մանավանդ Հայաստանի համար, երբ չունենք ծով»,-ասաց այսօր Անահիտ Թարխանյանը  Հանրային խորհրդում «Զվարթնոց» օդանավակայանի շենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ընթացքում: Հանդիպման ժամանակ Անահիտ Թարխանյանն ու «Զվարթնոց» օդանավակայանի շենքի համահեղինակ Ժորժ Շեխլյանը ներկայացրին իրենց առաջարկները:

12596390_991536897550374_64257681_n

Տիկին Թարխանյանը նշեց, որ 2001թ.-ին իր նախագիծը ներկայացրել է օդանավակայանի սեփականատիրոջը՝ Էռնեկյանի թիմին, սակայն որևէ արձագանք չի եղել. «Նրանք հայտարարում են, թե «Զվարթնոց»-ի տարածքները չենք կարող օգտագործել, միջազգային ստանդարտներին չի համապատասխանում: Իսկ մենք անընդհատ խոսում ենք, որ պետք է ստեղծել մի խումբ՝ տեղացի և դրսի ճարտարապետներից կազմված և փորձենք միասին աշխատել ու նոր լուծումներ տալ մեր օդանավակայնին»:

Նա հավելեց, որ ամբողջությամբ ու լիարժեք կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքի ողջ տարածքը, որը արդիականացնելու համար այսօրվա գներով անհրաժեշտ է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար. «Կարծում եմ, որ միտումնավոր մոտեցում է սեփականատիրոջ կողմից, որովհետև ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի՝ այն ինչ կկառուցի, իրենն է լինելու, իսկ ինչը կվերանորոգի, կպատկանի ՀՀ-ին: Բնական է, որ իր համար շահավետ է նորը կառուցել»:

Ճարտարապետ Ժորժ Շեխլյանն էլ ներկայացրեց իր նախագիծը. « Այս նախագծով օդանավակայանի այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին, ինչն այն լիարժեք օգտագործելու հնարավորություն է տալիս: Իմ նախագծով ստացվում է ինքնաթիռների 15 կայանատեղի, կոնցեսիոների պլանով՝ 10, ինչպես նաև մեծ չափի ինքնաթիռներ չեն կարող վայրէջք կատարել մեր օդանավակայան: Կոնցեսիոներին իր ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 5000 քառակուսի մետր տարածք, ինձ՝ 300, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող 13 հազար 400 քառակուսի մետրը: Եթե կոնցեսիոներին պետք է 101 միլիոն դոլարի ներդրում, իմ նախագծի իրականացման դեպքում անհրաժեշտ է մինչև 20 միլիոն դոլար: Եթե իրենց ծրագրի իրականացման համար պետք է 4 տարի, իմ դեպքում մեկ տարին բավարար է»:

Նա նաև ավելացրեց, որ Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիոները երբևէ չի լսել իրեն՝ որպես  «Զվարթնոց»-ի համահեղինակ ճարտարապետի և չի քննարկել իր կողմից ներկայացված նախագիծը կլոր մասնաշենքի վերակառուցման և գործարկման վերաբերյալ. «Կոնցեսիոներն այս ծրագիրն իրականացնելու համար կարող է օդանավակայանն ընդլայնել ոչ թե դեպի արևմուտք, այլ դեպի արևելք, որի դեպքում կլոր մասնաշենքն այլևս չի խանգարի նրան»:

Քննարկմանը ներկա`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը անդրադարձավ օդանավակայանի`որպես հուշարձան պահպանմանը. «Մենք այսօր պետք է քննարկենք ոչ թե շենքի ալտերնատիվ տարբերակներ առաջարկելը, այլ հին դասական շենքը պահպանելը: Այսօր գլխավոր խնդիրը օդանավակայանի նախկին շենքը ջախջախումից փրկելն է: Մեր օդանավակայանը նմանը չունի : Երբ քանդում էին Արամի 30-ի շենքերը, ասում էին «սառայ»-է, հիմա նույնը անում են օդանավակայանի հետ»:

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանն էլ փաստեց, որ կան Զվարթնոց օդանավակայանի «կլոր»  մասնաշենքի վերակառուցման  մի քանի տարբերակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, կարող են լինել նաև այլ տարբերակներ, սակայն ամեն ինչ պետք է որոշվի հանրության և պետության համաձայնությամբ. «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքում ոչ մի քանդման աշխատանք չի կարելի իրականացնել, մինչև չլինի նոր, հանրության և պետության կողմից  հաստատված նախագիծ: Պետք է մշակել, գտնել նախագծային լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հանրության և պետության կողմից շահագործման համար»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031