«Իմ կարծիքով, ՀԱԿ-ը խուսափում է պատասխանից`դրանով իսկ փաստելով, որ իր վերաբերմունքն արդարացի չէ: Հակառակ դեպքում, կհիմնավորեին իրենց մերժողական պահվածքը: Ես չեմ կարծում, որ դա կարող է ՀԱԿ-ին կշիռ բերել կամ նպաստել ընդդիմադիր դաշտի միավորմանը: Սա այն պահն է, որ պետք է բոլոր անձնական խնդիրները մի կողմ դնել եւ աջակցություն հայտնել մի մարդու, ում հետ երկար ճանապարհ ենք անցել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն`անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք, ապրիլի 17-ին, Հրազդանում, քաղաքապետի պաշտոնի համար հիմնական ընտրապայքարն ընթանալու է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի եւ Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր, ՀԱԿ-ի նախկին համախոհ Սասուն Միքայելյանի միջեւ:
Վաղը սպառվում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը: Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱԿ-ին`տեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի տեղերում Սասուն Միքայելյանի առաջարկած թեկնածուներին նշանակելու համար: ՀԱԿ-ում «քաղաքավարի» մերժեցին այդ առաջարկն`ասելով, որ այդ հարցը որոշվում է խմբակցության նիստում, սակայն, խմբակցության պատգամավորներից ոչ ոք այդ հարցով չի դիմել:
Ի դեպ, խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Ստեփան Դեմիրճյանն, ըստ Նիկոլ Փաշինյանի գրության, «կողմ» են: Օրերս, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հրապարակային առաջարկով՝ ՀԱԿ խմբակցության դռնբաց նիստ հրավիրել այս հարցով: Մինչ այս պահը ՀԱԿ խմբակցության նիստ չի հրավիրվել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից այսօր հնարավոր չեղավ այս հարցով մեկնաբանություն վերցնել:
Կարդացեք նաև
Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ այս հարցում Սասուն Միքայելյանին աջակցելով`ՀԱԿ-ը կարող էր հավակնել, որ ընդդիմադիր դաշտը կրկին կարող է համախմբել իր շուրջ. «Բայց նման պահվածքով, չեմ կարծում, որ ինչ-որ արդյունքի հասնեն: Ենթադրում եմ, որ ասելիք չունեն, դրա համար էլ լռում են: Նիստ էլ, հավանաբար, չի գումարվի: Այլեւս ժամանակ չկա»:
Տիկին Սարգսյանն անդրադարձավ նաեւ նրան, որ Լեւոն Զուրաբյանը խուսափել էր պատասխանել լրագրողների հարցերին`արդյոք Լյուդմիլա Սարգսյանը գնացել, խնդրել է, որ որպեսզի ՀԱԿ-ի հետ հարաբերությունները կարգավորի: «Հավանաբար նրան շոյում է այն, որ նման լուրերը շարունակվեն: Եթե մարդն ակնհայտ սուտը չի փորձում հերքել, ուրեմն, իրեն ձեռնտու է, որ շատերն այդպես մտածեն: Բայց ճիշտն ասելու համար էլ պետք է տղամարդկություն ունենալ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ