Ընդդեմ մարդկանց համարակալման կազմակերպությունը ներկայացնող հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ վստահեցրեց, որ օրենքից չի կախված արդար ընտրություններ կազմակերպելը: Եթե ազգը բարոյական է, ընտրությունն էլ բարոյական կանի:
Նա ասաց, որ դեմ է նույնականացման քարտով ընտրություն կատարելուն, որովհետեւ նույնականացման քարտը պարունակում է անձնական տվյալներ, իսկ անձնական տվյալներ հայթայթելու իմաստը ստուգելն ու վնաս պատճառելն է մարդուն. «Թե ի՞նչ բան է անձնական տվյալ, մեկ էլ տեսնում ենք, որ պետք է լինի մատնահետք, աչքի ցանցաթաղանթ, արյան խումբ»:
Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի, այս ամենն արվում է Սատանայի կողմից: Նա մեջբերում կարդաց Աստվածաշնչից. «Պետք է ստիպեն բոլորին՝ փոքրերին, մեծերին, ազապներին, ամուսնացածներին, հարուստներին աղքատներին, որ իրենց աջ ձեռքի եւ ճակատի վրա դրոշմ ընդունեն: Վերցնենք դրոշմը, որ մեկը չկարողանա գնել կամ ծախել: Դա մարդու թիվն է, այդ թիվը՝ 666-ը: Սա միայն անձնական խնդիր չէ, սա ազգային անվտանգության խնդիր է: Այսօր ամեն բան մարդկության դեմ է՝ ալյուրի հարստացում, իսկ ովքեր չեն հավատում, որ Աստված կա, գոնե հավատում են, որ Սատանա կա»:
Ըստ Ստամբոլցյանի, բոլոր միջազգային կազմակերպությունների տակ մասոնական գրասենյակներն են, իսկ մենք որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, իրավունք չունենք մեր ազգը, մեր գենետիկան վտանգի տակ դնել: Դրա համար պետք է կարողանանք նորմալ ընտրություն կազմակերպել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ