Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության սկզբունքների ձևավորման նոր ծրագրերը համախմբել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու Կրթության և գիտության նախարարությանը, բացառիկ այս համագործակցությունը դեռևս ծրագրերի մշակման ու խնդիրների գնահատման փուլում է, որին հետևելու են հստակ գործողությունները:
Նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստում Կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում իրականացված և նախատեսվող միջոցառումները:
Մասնավորապես, զեկուցվել էր, որ բարձրագույն կրթության ոլորտում 2015-ի փետրվարից միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվում է Եվրախորհրդի կողմից մշակված «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» երկամյա ծրագիրը, հայտարարվել է նաև, որ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման նպատակով «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի հետ աշխատանքներ են իրականացվում «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության արդյունքների ուսումնասիրման, գնահատման և առաջարկների իրականացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում զեկուցվել է նաև, որ այս ոլորտում իրականացվող մյուս ծրագիրն էլ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրն է, որի նպատակն է միջնակարգ կրթության համակարգում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման և տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը և հանձնարարել ՀՀ ԿԳՆ-ին՝ երկամսյա ժամկետում ավարտել ռիսկերի գնահատումը, քննարկել շահագրգիռ մարմինների հետ, որից հետո կառավարություն ներկայացնել կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը՝ համապատասխան միջոցառումներով:
ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը տեղեկացնում է, որ նախարարությունում այժմ փորձում են ամփոփել առկա, գնահատված ռիսկերը, որից հետո կսկսվի ծրագրի մշակման
գործընթացը:
Պաշտոնյան սակավախոս է, միայն ասում է` վարչապետի հանձնարարությունը կատարման ընթացքում է, և գնահատումների ամփոփումների հիման վրա կմշակվի գործողությունների ծրագիր:
«Կրթության, գիտության նախարարությունը մշտապես պատրաստ է եղել համագործակցության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերում», – վստահեցնում է Ստեփանյանը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանը նկատում է, որ Կրթության, գիտության նախարարության հետ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում հիմնվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության մշակած «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթության ոլորտում» հետազոտության այլ նյութերի վրա:
«Ներկայացրել ենք մեր առաջարկությունները և հիմա սպասում ենք նախարարության արձագանքներին, այս գործընթացի հաջողության մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առայժմ, իհարկե ողջունելի է, որ նախարարությունը հայտարարել է համագործակցության մասին», -ասում է Նազարյանը` հույս հայտնելով, որ նախարարի փոփոխությունը չի ազդի այս համագործակցության վրա:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի պաշտոնական հաղորդագրության համաձայն, այս տարվա ընթացքում ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը, ինչպես նաև ԵԽ-ի փորձագետների կողմից նախարարությանն է ներկայացվելու էթիկայի կանոնների մշակման ուղեցույցը:
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի փորձագետ Լիանա Ամիրբեկյանի պարզաբանմամբ, էթիկայի կանոնների ուղեցույցը լինելու է և’ սովորողների, և’ դասավանդողների համար:
«Մեր փորձագետներն այժմ աշխատում են այդ ուղեցույցի մոդելի վրա և վերջնական տարբերակը նախարարությանը կներկայացվի մինչև գարնան վերջ»,- ասում է Ամիրբեկյանը:
Նրա խոսքով, էթիկայի կանոնների ներդնումը հայաստանյան բուհերում նպատակ ունի առաջարկել նոր վարքագիծ ուսանողների ու դասախոսների համար, փոխել ներկայիս մթնոլորտը, միջավայրը:
«Մենք փորձում ենք այդ կանոններով փոխել բուհերում մարդկանց մենթալիտետը, որպեսզի անհանդուրժող լինեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, հակառակ դեպքում՝ կոռուպցիոն երևույթների վրա աչք փակելով վտանգի տակ է դրվում
կրթության որակը», -նշում է ԵԽ հայաստանյան գրասենյակի փորձագետը:
Էթիկայի կանոնների մասին ուղեցույցը, ըստ մեր զրուցակցի, ենթադրում է նաև պատժիչ գործողություններ, որոնց թվում կարող է լինել ընդհուպ ԲՈՒՀ-ի հետ թե’ սովորողի, թե’ դասավանդողի պայմանագրի դադարեցումը:
«Մենք փորձում ենք հաշվի առնել ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունը և աջակցել ռազմավարությունների իրականացմանը», -հստակեցնում է նա:
Նախարարության հետ համագործակցությամբ մեկ այլ ծրագիր է նաև իրականացվում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի կողմից ևս:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ նման լայն համագործակցությունն արդեն իսկ ողջունելի է, չնայած արդյունքների և մշակվող ծրագրերի իրական ներդրման առումով սպասելիքները մեծ չեն:
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կառավարությունը ստանձնել է նոր պարտավորություններ, փետրվարի 5-ին կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև, որի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` իրականացնելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Չնայած կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների մշտական խոստումներին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության վերջին զեկույցը փաստեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվով անցյալ տարի Հայաստանը նահանջ է արձանագրել:
Ինչևէ, ոլորտի փորձագետները, ներկայացուցիչները հույս ունեն, որ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ հնարավոր կլինի արատավոր երևույթի դեմ պայքարում որոշ հաջողություններ գրանցել:
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:
Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:
[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm
Լուսանկարը՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության