ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ իբր իշխանությունները ընդունում են իրենց առաջարկած 4+4+4 ֆորմատը օրենսգրքի քննարկումների համար, բայց իրականում ամեն ինչ անում են այդ նախաձեռնությունը վարկաբեկելու, վիժեցնելու նպատակով. «Դավիթ Հարությունյանը երկու նախապայման ունի՝ դա չպիտի լինի որոշում ընդունող մարմին: Խոսքը կոնսենսուսի մասին է, եթե ուժերը, հասարակությունը գան կոնսենսուսի, որոշում է դա հենց լինելու, մնում է քեֆ-ուրախությամբ գալ ԱԺ: Ի՞նչ է նշանակում որոշում ընդունող մարմին չի, կարող է դուք այդ ֆորմատում մի բան ընդունեք, բայց ձեր որոշման հակառակ քվեարկե՞ք: Ասում եք՝ այդ ֆորմատը չպիտի լինի միակը: Սիրելիներս, ո՞վ է ասում, որ լինի միակը: Գնացեք բանակցեք Սյունյաց արծիվների հետ, «Պանդուխտ» ՀԿ-ի հետ, ո՞վ է ձեզ խանգարում»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, Դավիթ Հարությունյանը էժանագին հնարք արեց, թե մի հատ ձեռքներդ բարձրացրեք, տեսնենք ո՞վ է մասնակցում ձեր միասնական պլատֆորմի ձեւավորմանը. «Այդ ՀԿ-ներից այստեղ նստած էին, թե ինչու չեն բարձրացրել ձեռքերը՝ իրենց արժանապատվությունից ցածր են գտել, պարոն Հարությունյան, մասնակցել ձեր թատերական բեմականացմանը»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց. «Ամբողջ հասարակությունն է պահանջում ցուցակների հրապարակում՝ գնացեք դրան, ինչքա՞ն կարելի է դեմագոգիայով զբաղվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ