Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում են Հայաստանի ջրային ռեսուրսներն այսօր

Մարտ 22,2016 16:42

«Անտառներն ահավոր վիճակում են։ Ցավով պետք է նշեմ, որ այս տարվա պետական բյուջեում որեւէ լումա նախատեսված չէ անտառի վերականգնման համար։ Իսկ հենց նույն ջրային ռեսուրսների պահպանման եւ կորուստների պակասեցման համար անտառները մեծ դեր են խաղում»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության սրահում, ջրի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում, հայտարարեց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը։

Ըստ նրա՝ անտառի վատ վիճակների պատճառով այժմ շատ են պակասել ջրային ռեսուրսները. «Խնդիրներն այս ոլորտում շատ են։ Չնայած Հայաստանը միջին վիճակագրական մակարդակում է գտնվում ջրի տեսակետից, սակայն դրանց շահագործումն ու օգտագործումը շատ վատ է։ Սկսած Սեւանից եւ վերջացրած Արարատյան դաշտավայրի ու նրան սպասարկող արտեզյան ջրերի վիճակից»։

Արմենակ Դովլաթյանը կարծում է, որ արտեզյան ջրերը վերականգնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերն ուշացած են. «Այդ քայլերն իրականացնելիս տուժում են մանր եւ միջին բիզնեսմենները, որոնք օգտագործում են այդ ջրերը։ Խոշոր հողատերերը, սեփականատերերը շարունակում են օգտվել այդ ջրից։ Այսինքն՝ նաեւ կառավարման խնդիր կա»։

«Երեւան Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանն էլ ներկայացնելով վիճակն, ասաց որ խմելու ջրի առումով խնդիր չկա. «Մենք ունենք 10 աղբյուրներ, որոնք օր ու գիշեր ջուր են մատակարարում Երեւանին։ Մենք մեր խնդիրը տեսնում ենք նրանում, որ այդ բարձրորակ ջուրը հնարավորինս արդյունավետ օգտագործենք»։

Նա նշեց, որ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ձերբազատվել արտեզյան ջրերից, որոնց որակը ցածր է եւ որոնք կարող են օգտագործվել այլ համայնքներում. «Մասնավորապես Արարատյան դաշտավայրում ունենք 40 արտեզյան հորեր, որոնք այժմ չեն օգտագործվում եւ գտնվում են պահուստային վիճակում ու անհրաժեշտության դեպքում կարող են Երեւանին ջուր մատակարարել»։

Մուրադ Սարգսյանը նաեւ ասաց, որ իր ներկայացրած կազմակերպությունը գործունեության 9 տարիների ընթացքում խնայել է տարեկան 85 միլիոն խորանարդ մետր ջուր. «Սա շատ մեծ ծավալ է։ Միաժամանակ ասեմ, որ դա որեւէ կերպ բացասական ազդեցություն չի ունեցել Երեւանի վրա»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան Տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031