Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր ՀՀ բուհերի 794 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հավաստագրերի մի մասը հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողներն անկախ սոցիալական խնդիրներից, ստանան գիտելիք, որը, համոզված եմ, կծառայի մեր երկրի, սփյուռքի եւ Արցախի զարգացմանը: Հորդորում եմ ձեր ոսկյա տարիներն արդյունավետ օգտագործել եւ գիտելիք ձեռք բերել»,-նշեց նա:
Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներն են, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Ուսման վարձի փոխհատուցման արժանացան նաեւ սահմանամերձ համայնքներից 142 ուսանողներ` առանց մրցույթի։
«Առանձնացնում ենք սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ուսանողներին` ցույց տալով, որ նրանք միայնակ չեն իրենց խնդիրներով: Այս փոխհատուցման միջոցով մեղմում ենք այն խնդիրները, որոնք առկա են ուսման ընթացքում»,-դիմելով ուսանողներին` ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ Կառավարության աջակցությամբ է հիմնադրամը փոխհատուցում սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձը. «Անցած կիսամյակին նրանց ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվել է: Ծրագրի այս փուլում սահմանամերձ համայնքների ուսանողները եւս ստանում են հավաստագրեր»:
Հավելենք, որ 2011 թվականից ՀԵՀ-ը մի շարք ծրագրերով փոխհատուցել է մոտ 5000 ուսանողի ուսման վարձը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ