Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կենդանաբանական այգու արջերին կտեղափոխեն Ռումինիա

Մարտ 22,2016 15:51

«Արջերի մոտ փոփոխությունները շատ ակնհայտ են, զգացվում են։ Նրանք հիմա կարանտինի մեջ են եւ, իհարկե, նրանց տարածքը չի կարող մեծ լինել, որովհետեւ կենդանաբանական այգին այդ հնարավորությունները չունի։ Կարանտինը նաեւ վերականգնողական էր ու շատ ավելի լավ արդյունքներով կարող ենք արջերին ուղարկել Ռումինիայի ապաստարան»,- «Մեդիա կենտրոնում» «Գյումրու կենդանաբանական այգու արջերը կտեղափոխվեն Ռումինիա» թեմայով ասուլիսի ընթացքում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ Մաշա եւ Միշա արջերն անվերադարձ են գնում Ռումինիա. «Այնտեղ կա բավականին լուրջ եւ մեծ հաստատություն, որն ապաստարան է։ Դա փակ տարածք է, որտեղ խնդիրներ ունեցող արջերը կարող են մինչեւ իրենց կյանքի ավարտն այնտեղ բարեկեցիկ կյանքով ապրել։ Այդ ապաստարանը հայտնի է իր բարի ավանդույթով»։

Ասուլիսի բանախոս, Բրիջիտ Բարդոյի հիմնադրամի Կենդանիների պաշտպանության գրասենյակի տնօրեն Քրիստոֆ Մարին էլ շնորհակալություն հայտնեց, որ արջերին օգնություն ցուցաբերելու գործում նաեւ իրենց են ներգրավվել. «Մենք նոյեմբեր ամսին տեղեկացվեցինք արջերի եւ առյուծների վիճակի մասին։ Այնուհետեւ մենք սկսեցինք համագործակցել այս հարցով։ Մենք աջակցություն ենք ցուցաբերել արջերին տեղափոխելու, սննդով ապահովելու հարցերում։ Հետագայում համագործակցությունը կշարունակվի, բայց այս պահին դեռ ծրագրեր չկան»։

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ կենդանիներին փրկելուն ուղղված գործողություններն իրականացվել են բարձր պրոֆեսիոնալիզմով, լուրջ մասնագետների կողմից. «Բոլոր գործընթացները եղել են միջազգային չափանիշների սահմաններում։ Այսօր մենք մի վիճակ ունենք, երբ եւ առյուծները, եւ արջերը պատրաստ են տեղափոխման։ Սա շատ կարեւոր գործընթաց էր»։

Խաչիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարի հրամանով մասնագիտական խումբ է ստեղծվել, որի մեջ ներառված են մասնագետներ մասնագիտացված գիտական կառույցներից եւ հասարակական սեկտորից. «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ մենք օրենսդրական նոր փաթեթ ենք մշակել եւ վաղը չէ մյուս օրն Ազգային ժողովում տեղի են ունենալու դրանց առաջին լսումները։ Մանրամասն կներկայացվեն այն խստացված ընթացակարգերը, որոնց միջոցով այսուհետ հնարավոր կլինի պահել վայրի կենդանիներին»։

Աշոտ ՒՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031