Գրականագետ եւ թարգմանիչ Անուշ Սեդրակյանի շնորհիվ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը հայերեն հասու կլինի մեր ընթերցողին: «Զանգակ» հրատարակչության հրատարակած այդ գրքի շնորհանդեսը կկայանա մարտի 24-ին: «Եվ արձագանքեցին լեռները» համաշխարհային բեսթսելեր է, որ արդեն թարգմանվել է 40 լեզուներով:
Ծագումով աֆղան Խալեդ Հոսեյնին գաղթականության դժվարությունները հաղթահարելով՝ հասել է ԱՄՆ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց թարգմանիչը՝ Անուշ Սեդրակյանը. «Նա շատ վեպեր է գրել, սակայն ամենահայտնին այս երկու վեպերն են՝ «Օդապարուկ թռցնողը» եւ «Եվ արձագանքեցին լեռները»: Երկուսն էլ խոշոր վեպեր են եւ միանգամից տալիս են այն դրաման, որը շատ մոտիկ է հային՝ իր ճակատագրականության սկզբունքով, դժվար ուղու հաղթահարումով: Այն նաեւ միաժամանակ տալիս է ազատ աշխարհի պատկերը, որտեղ հին ավանդական մտածողության եւ կեցության մարդը խնդիր ունի իր տեղը գտնելու: Ահա այսպիսի վեպ է «Եվ արձագանքեցին լեռները», որտեղ միեւնույն ժամանակ բախվում են ավանդական եւ ժամանակակից կարգերը, որտեղ երեւում է մարդու ողբերգությունը»:
Գրականության թեմայով՝ Անուշ Սեդրակյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» մարտի 23-ի համարում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ