Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքի շուրջ ՖԱՖ-ը արդեն մի քանի օր է, ինչ աղմուկ է բարձրացրել, թե չի կարողանում իրար կողքի իրեն անհրաժեշտ քանակի տոմսեր ձեռք բերել:
Aravot.am-ը այս խնդրի շուրջ ստացավ ՀՖՖ մամուլի քարտուղարության մեկնաբանությունը:
«ՀՖՖ մամուլի քարտուղարությունն այս ընթացքում բազմիցս անդրադարձել է տոմսերի վաճառքին: Տոմսերի վաճառքի երկու ձեւ կա՝ դրամարկղերում եւ ամրագրումներով: Այն կազմակերպությունները, որոնք նամակով դիմում են ՀՖՖ իրենց կոլեկտիվների, աշխատողների համար համապատասխան քանակի տոմս ձեռք բերելու համար, այդ տոմսերն ամրագրվում են: Նրանք երաշխավորում են մինչեւ խաղից երկու-երեք օր առաջ վճարումը: Եվ եթե չվճարեն, այդ տոմսերը կհանվեն վաճառքի: Եթե կազմակերպությունները տոմսեր են ամրագրում, էլեկտրոնային համակարգը ցույց է տալիս, որ այդ տեղերը փակ են, ամրագրված են: Մնացած բոլոր ազատ տեղերի տոմսերը վաճառվում են: Այն, որ անհատին վաճառվում է մինչեւ երեք-չորս տոմս, ընդունված պրակտիկա է, որովհետեւ մեկ մարդուն ավելի շատ քանակությամբ տոմսերի վաճառքը սպեկուլյատիվ ռիսկեր է պարունակում:
Մե՞ծ է արդյոք Հայաստան-Բելառուս խաղի նկատմամբ հետաքրքրությունը: Այո, մեծ է: Որովհետեւ սա հավաքականի ընկերական առաջին հանդիպումն է, նաեւ՝ ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը: Սա է հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառը: Ուրիշ բան չկա եւ տոմսերի վաճառքի հետ կապված նույն բանն անընդհատ չենք կարող ասել»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք նաեւ, թե տոմսերի կորպորատիվ վաճառքի մասին հայտարարություն եղե՞լ է եւ կա՞ դեպք, որ կորպորատիվ որեւէ հայտ մերժված լինի: «Կորպորատիվ վաճառքի մասին բոլորը գիտեն եւ դա հայտարարության բան չի: Ինչպե՞ս կնայեիք, եթե մեկ անհատի վաճառվի, ասենք, 50 կամ 300 տոմս: Մեկ մարդուն ինչի՞ համար կարող է այդքան տոմս պետք գալ: Բոլորն էլ գիտեն, որ եթե մեծ քանակությամբ տոմս է հարկավոր, կազմակերպությունները, ընկերությունները, կոլեկտիվները պաշտոնապես դիմում են ֆեդերացիա եւ իրենց հարկավոր քանակությունը ամրագրում:
Մի բան էլ: Եթե մարդիկ կան, որոնք ցանկանում են իմանալ, թե ո՞ր կազմակերպություններն են դիմել եւ որքա՞ն տոմս են ամրագրել, այդ հարցի պատասխանն էլ ենք տվել: Ճիշտ է, դա պետական գաղտնիք, ազգային անվտանգության հարց չէ, բայց դա կորպորատիվ հարաբերությունների էթիկա է, որը մենք չենք կարող խախտել: Եթե այդ կազմակերպություններից որեւէ մեկը կուզենա հայտարարել, ինքը դա կանի: Դա ՀՖՖ-ի խնդիրը չէ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կա՞ ժամանակին կորպորատիվ հայտ ներկայացրած եւ մերժված որեւէ դեպք, մենք նման բան չենք հիշում», – պատասխանեցին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ