ՀՀ Ազգային անվտանգության ծառայության
տնօրեն Գեորգի Կուտոյանին.
Պարոն Կուտոյան.
Ս/թ. մարտի 21-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից հայտարարություն է տարածվել, որին կցված է նաեւ youtube սոցիալական ցանցի հղում, որտեղ տեղադրված է եղել 01.52 րոպեանոց մի տեսանյութ:
Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք ս/թ մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել, ինչը առերեւույթ պարունակում է օպերատիվ-հետախուզական գործունեության հատկանիշներ:
Հաշվի առնելով, որ՝
– «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետը արգելվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից,
Կարդացեք նաև
– Տեսանյութը ստորագրված չէ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լիազորություն ունեցող որեւէ պետական մարմնի կողմից,
– Տեսանյութը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ բարձրաստիճան անձ հանդիսացող անձի՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանցագործություն նախապատրաստելու ապացույցներ,
– Տեսանյութը առերեւույթ կարող է պարունակել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը.
1. Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի:
2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:
3. Ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը:
4. Արդյոք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւո՞ւմ են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:
Ակնկալում եմ, որ սույն գրությունը համարեք նաեւ հաղորդում հանցագործության մասին: Կից ներկայացնում են նաեւ խնդրո առարկա տեսանյութը՝ CD սկավառակի վրա:
Կանխավ շնորհակալություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ