Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներեցեք, բայց ԱԺ-ն լուրջ եւ մեծ կուսակցությունների տեղ է». Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)

Մարտ 22,2016 13:36

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել:

«Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ ընտրակաշառքը, որպես չարիք, կարո՞ղ եք վերացնել, դա է մեր ընտրությունների անքակտելի մասը, վստահության ամենամեծ խոչընդոտն է: Ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսված այդ առումով Ընտրական օրենսգրքում, կամ գոնե Քրեական օրենսգրքում:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ ընտրակաշառքը քրեական հանցագործություն է, դրա մասին խոսք չկա, եւ այսօր էլ ՔրՕրում դա առկա է: Պատժի խստացումը լավագույն միջոցը չէ քրեական հանցագործությունները կանխելու համար: Ինչով է ընտրակաշառքը տարբերվում սովորական կաշառքից. Սովորական կաշառքի պարագայում հանցագործություն կատարողն այն անձն է, ով պահանջում է կաշառք, իսկ ընտրակաշառքի պարագայում հակառակն է: Ընտրակաշառք ստացողը եթե հայտարարի այդ մասին, նա կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության, սակայն այդ հարցը լուծված է»:

ՀԺԱՄ կուսակցությունը ներկայացնող Տիգրան Գալստյանն էլ հարցրեց, «Օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, կուսակցությունները, դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկում են ոչ պակաս 80, ոչ ավելի, քան 300 թեկնածու: Տարածքային ընտրական ցուցակներում կուսակցությունը պետք է ունենա նվազագույնը 65 թեկնածու, ինչը փոքր կուսակցությունների համար արհեստական խոչընդոտ է, արգելք է հանդիսանում: Օրինակ, ՀԺԱՄ-ը եթե ներկայացված չի Շիրակի մարզում, մեր մուտքը արգելվում է, տաբու է դրվում մեր առաջ»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դուք հավակնում եք հավաքել ձայների 5 տոկոսը, այսինքն, 70 հազար ձայն ձեր օգտին ենթադրում եք ստանալ, բայց դուք կարծում եք, որ չեք կարող ունենալ 80 հոգի կամ ամեն մարզում 5-ական հոգի: Ներեցեք, բայց ԱԺ-ն լուրջ եւ մեծ կուսակցությունների տեղ է: Կան երկրներ, որտեղ ցուցակներով են մասնակցում կուսակցությունները, ընդգրկելով մարդկանց, որոնց մասին ոչ ոք չի լսել, բացի այդ կուսակցության անդամներից: Սա ոչ թե ժողովրդավարական գործընթաց է, այլ հակաժողովրդավարական: Ընտրողին դնում է շփոթության մեջ: Այնպես որ, կարծում եմ, ԱԺ-ն առնվազն այն կուսակցությունների տեղն է, որոնք կարող են ունենալ 80 կուսակցության անդամ եւ ամեն մարզում առնվազն 5 անդամ»:

Նա հորդորեց փոքր կուսակցություններին, որ նախ այդ հարցը լուծեն, ամեն մարզում գոնե 5 հոգի ունենան, նոր հավակնեն գալ ԱԺ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031