Մարտի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այրվեց Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարը, որը կառուցվել էր Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի նախաձեռնությամբ 1995-2002 թվականներին՝ Խոջիվանքի հայկական պատմական տաճարի ու համանուն գերեզմանատան տեղում։
Հանրահայտ է, որ պատմական ճակատագրի բերումով հայ ժողովրդի արեւելյան հատվածի համար 19-րդ դարում «մշակութային մայրաքաղաքի» դեր ստանձնած Թիֆլիս քաղաքը հիմնականում կառուցվել ու եվրոպական տեսք է ստացել մեր ժողովրդի լավագույն զավակների շնորհիվ։
Ուստի Վրաստանի անկախացումից հետո որքան էլ կարեւոր լիներ մեր հարեւան ժողովրդի հոգեւոր հայրերի ու քաղաքական ղեկավարության համար սեփական մայրաքաղաքում Մայր տաճար ունենալու խնդիրը, ատելության ու նախանձի վրա հիմնված վառ երեւակայությունը միայն կարող էր ենթադրել, որ այդ նպատակով պետք է ընտրեին հենց Խոջիվանքի հայկական գերեզմանատան ու նրա մի մասը հանդիսացող Հայոց մեծերի պանթեոնի տեղը։
Իհարկե մինչ այդ՝ դեռեւս 1930-ականներին, Բերիան հասցրել էր քանդել տալ 17-րդ դարում վրաց Ռոստոմ թագավորի թույլտվությամբ հայ խոջաներից մեկի կառուցած վանքը՝ Խոջիվանքը, բայց Պանթեոնը, ուր ամփոփված էին հայ գրականության ու մշակույթի մեծերի գերեզմանները, պահպանվում էր ընդհուպ մինչեւ 1960-ականները, երբ այստեղ հիմնվեց զբոսայգի։
Կարդացեք նաև
Թվում է, թե կոմունիստական վարչակարգի փլուզումից հետո երկու երկրների ղեկավարները որեւէ բանական լուծում կգտնեն՝ Խոջիվանքի հայկական հիշատակները պահպանելու, կամ գոնե առավել նշանավոր արվեստագետների ու քաղաքական գործիչների աճյունները Հայրենիք տեղափոխելու համար։ Բայց 1990-ականներին մեր անտարբեր աչքերի առջեւ տեղի ունեցավ մի նոր հանցագործություն, որին այն օրերի Հայաստանի ղեկավարությունն ու մտավորականությունը համապատասխան գնահատական չտվեց, թեեւ կարող էր դա անել։
Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարի շինարարությունը հենց այդ վայրում սկսելու պատրվակով հայ գրողների, քաղաքական գործիչների ու արվեստագետների գերեզմանները հիմնահատակ ավերվեցին, իսկ նրանց ոսկորները աղբանոց նետվեցին կամ թափվեցին Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհին։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում