Ղազախստանի խորհրդարանի աշխատանքներին, 107 պատգամավորների շարքում, կմասնակցի նաև Հայկական մշակույթ կազմակերպության նախագահ Նարինե Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ 107 հոգուց բաղկացած խորհրդարանի 98 անդամները երկրի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցելու իրավունք են ստանում Ղազախստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա։ Խորհրդարանի մյուս 9 անդամներին ընտրում է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան։
Վերը նշված մարմնի 23-րդ նստաշրջանին, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի գլխավորությամբ, մասնակցել է 446 պատվիրակ, որոնք ընտրել են խորհրդարանի մնացած 9 անդամներին։ Ըստ այդմ՝ երկրի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցելու իրավունք ստացած 9 անձանց շարքում է նաև մեր հայրենակից՝ Հայկական մշակույթ կազմակերպության նախագահ Նարինե Միքայելյանը։
Տեղեկացնենք, որ Ղազախստանի ժողովրդի ասամբլեան հիմնադրել է երկրի նախագահ Նորսուլթան Նազաբաևը՝ 1995թ.։ Ղազախստանի ժողովրդի ասամբլեան նախագահին կից խորհրդակցական մարմին է, որի առաքելությունն է աջակցել պետական քաղաքականության մշակման և իրագործման գործընթացին։ «Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի մասին օրենքի» համաձայն այս մարմինը ղեկավարելու իրավունքը պատկանում է երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևին՝ ցմահ։