Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Ապրում ենք ադրբեջանցիների եւ թուրքերի հետ հարեւանությամբ, վաղ թե ուշ, հաշտության ձեռք ենք մեկնելու». «Հրապարակ»

Մարտ 22,2016 11:02

Սամվել Բեգլարյանն այս էլ երկրորդ անգամ հոդված է գրում իմ դեմ։ Նորից ու նորից շահարկելով «Քիրվա» պատմվածքը։ Իմ մեղքն ինչո՞ւմն է։ Ընդամենը ասել եմ, որ թուրքն էլ ա մարդ։ Իսկ, ըստ նրա, թուրքը մարդ չի, թուրքն ընդամենը թուրք է։ Հայ-ադրբեջանաթուրքական բարեկամական հարաբերությունների մասին գրել են գրեթե մեր բոլոր կլասիկները (Աբովյան, Թումանյան, Չարենց, Մահարի, Վարդգես Պետրոսյան…)։ Նրանք այդ մարդուն որ ոչինչ չեն սովորեցրել, ես ի՞նչ սովորեցնեմ։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ինձ համարում է հայրենիքի դավաճան, իբր թե ես անիմաստ եմ համարում հայրենիքի համար զոհվելը, դա այն դեպքում, որ նման միտք որեւէ տեղ ես չեմ արտահայտել, պարզապես գրել եմ, որ պատերազմ պիտի գնալ ապրելու, հաղթելու եւ ոչ միայն մեռնելու համար, այլակերպ քարոզի ազդեցությամբ զինվորը վեր է ածվում քաղաքական զոմբիի եւ ոչ թե հայրենիքի իսկական պաշտպանի։ Այսքանից հետո առաջարկում է ինձ ու իմ նմաններին վտարել հայրենիքից։ Ասենք՝ ինձ դատեցին ու վտարեցին, էս երկիրն ո՞ւմ է մնալու՝ իր նմանների՞ն… իր նման հայրենասերի՞ն, ազատամարտիկի՞ն, սահմանապահի՞ն…։ Իսկական սահմանապահը կուրծք չի ծեծում եւ ակադեմիկոսներին հորդորում, որ իր նմանների մասին գրեն եւ ոչ թե Լեւոն Ջավախյանի նմանների։

Մի գրող ընկեր ունեմ՝ Աշոտ Հովսեփյան անունով, որ աշխատում է ֆիննախարարությունում։ Ամեն անգամ իմ մոտ գալիս նկատել էի, որ կաղում է, հարցրի, թե ինչից է՝ չասաց։ Ձեռքը թափ տվեց։ Հետո ուրիշից իմացա, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ընդամենը ամաչում է ասել, որ թշնամու փամփուշտն է իրեն նեղություն տալիս։ Ահա թե ինչպես են լինում իրական հայրենասերները։ Հայրենիքը նրանց է սիրում եւ ոչ թե ի լուր աշխարհի կուրծք ծեծողներին։ Որ այդքան չարչրկեցին «Քիրվա» պատմվածքը, մի դրվագ էլ պատմեմ նրա արձագանքից։ 2 տարի առաջ Բաքվից մի ադրբեջանցի էլեկտրոնային փոստով ինձ նամակ էր ուղարկել, որտեղ նա խղճի խայթով պատմում էր Բաքվի ջարդերի մասին, գրում, որ ինքը, հայրենասիրական մղումներից ելնելով, ադրբեջանական ազգային ճակատի անդամ էր գրվել։ Հունվարյան ջարդի օրերին, երբ իրենք պարեկում էին, Բաքվի փողոցներում լուր է հասնում, որ իրենց տղերքը մի հայ են բռնել, ասում է. գնացի տեսնեմ՝ արյունաշաղախ հայ էր՝ մոտ 40 տարեկան։ Արյունի արանքով նկատեցի, որ մեր գործարանի գլխավոր ինժեներն է՝ Արկադին։ Դանակահարել էին մի քանի տեղից։ Մարդը հազիվ էր շնչում, իսկ կողքին նրա 6-7 տարեկան տղան լալով ասում էր՝ հայրիկ, մի մեռնի, խնդրում եմ, մի մեռնի…։ Սիրտս ճմլվեց, Արկադիին վերցրինք ու ընկերներիս հետ տարանք հիվանդանոց՝ սպեղանի դրեցինք, վերքերը կապեցինք ու լաստանավով ճամփեցինք։ Դրանից հետո անընդհատ մեղքի զգացում եմ ունեցել, գրում էր ադրբեջանցին, անընդհատ մղում ունեի ներողություն խնդրելու Արկադիից, բայց նրան որտե՞ղ գտնեի։ Իմ ներողությունն ինչպե՞ս տեղ հասցնեի։ Մուալիմ Ջավախյան, գրում էր ադրբեջանցին, քո «Քիրվա» պատմվածքը կարդալուց հետո ես հասկացա, թե ումից պետք է ներողություն խնդրեմ, ես ներողություն եմ խնդրում Ձեզնից՝ իմ ազգակիցների կատարած ոճրագործությունների համար։

Հարգարժան Սամվել Բեգլարյան, մենք ապրում ենք ադրբեջանցիների եւ թուրքերի հետ հարեւանությամբ, վաղ թե ուշ, հաշտության ձեռք ենք մեկնելու։ Աստված տա, արյունոտ չլինի այդ ձեռքը։

 

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031