Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որտեղ եվրոպացի պաշտոնյան խորը անհանգստություն է հայտնում ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի հանդեպ կայացված դատավճռի կապակցությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Խորը անհանգստությամբ հետևում եմ դատական գործընթացին։ Քանի որ այսօր դատարանը կայացնելու է իր վճիռը և պատասխանելու է հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը հավատարի՞մ է արդարությանը և արդյոք օրինակա՞ն է Սավչենկոյին՝ Ռուսաստան տեղափոխելը, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նրան։ Ինձ համար շատ կարևոր են մեր խորհրդարանի անդամի շուրջ ծավալվող իրադարձությունները։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանականների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազատության պաշտպանումը, նրանց տեղաշարժման և արտահայտման իրավունքի պաշտպանությունը իմ առաքելության գլխավոր առաջնահերթություններից մեկն է»։
Տեղեկացնենք, որ Նադեժդա Սավչենկոն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ է 2014թ. դեկտեմբերի 25-ից։
Հիշեցնենք, որ Դոնեցկի ռոստովյան շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին։
Կարդացեք նաև
Ուկրաինուհի զինծառայողը մեղադրվում է Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով։ Ռուսական հետաքննության տվյալներով՝ 2014թ. ամռանը Սավչենկոն «Այդար» զորամիավորման տրամադրության տակ էր և հենց նրա հաղորդած կոորդինատորների միջոցով էլ հարված է հասցվել, որի հետևանքով զոհվել են լրագրողները։
Դատախազությունը պահանջում է 23 տարվա ազատազրկման դատապարտել Սավչենկոյին։