Մարտի 2-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանն ուղղված գրությամբ «Save the Children» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն իր մտահոգությունն է հայտնել «www.shamshyan.com» կայքի միջոցով 2016թ. փետրվարի 27-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Երեխաների խնամքի եւ պաշտպանության Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետեւանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման առիթով:
Փետրվարի 28-ին www.shamshyan.com կայքում «Արտակարգ դեպք Երեւանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի եւ պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ նյութում ներկայացվել են գիշերօթիկ հաստատության սաների անունները, ազգանունները, տարիքը, հաստատության անունը, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնցում երեւում են երեխաները: Երեխաների անձնական տվյալների հրապարակումը դատապարտող հանրային կարծիքի ճնշման արդյունքում www.shamshyan.com կայքը երեխաների անունները փոխարինեց անվան սկզբնատառերով, ինչպես նաեւ կայքից հանվեցին այն լուսանկարները, որոնցում երեւում են երեխաների դեմքերը։ Սակայն տարածված տեղեկատվությունն արդեն բավարար էր երեխաներին նույնականացնելու համար, մյուս կողմից՝ այլ լրատվական կայքեր արտատպել կամ հղմամբ օգտագործել էին www.shamshyan.com-ում տեղ գտած տեղեկություններն ամբողջ ծավալով՝ հրապարակելով երեխաների անուն-ազգանունները, տարիքը եւ երեխաների լուսանկարները: Այլ լրատվական կայքերում երեխաների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է մինչ օրս:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» 24-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի համաձայն՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կատարում է հետազոտություններ եւ մշակողների դիմումների կամ լուսաբանումների հիման վրա տալիս տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն կամ տեղեկացնում է անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի մասին: Ղեկավարվելով վերոնշյալ հոդվածով եւ ուսումնասիրելով «Save the Children» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության գրությունը՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացնում է իր խորհրդատվական որոշումն այս հարցի վերաբերյալ:
Գործակալությունը գտնում է, որ յուրաքանչյուր ոք, առավել եւս՝ պետական մարմինները եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ լրատվամիջոցները, երեխայի անձնական կյանքի պաշտպանությանը պետք է առաջնային ուշադրություն դարձնի եւ բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար: Տվյալ դեպքում զանգվածային լրատվամիջոցով երեխաների անձնական տվյալները հրապարակվել էին Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքը, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության գործունեությունը լուսաբանելու արդյունքում:
Ըստ անձնական տվյալների գործակալության որոշման, տվյալ դեպքում առկա չի եղել երեխայի լավագույն շահից բխող անհրաժեշտ գործողություն, երեխաների անձնական տվյալների հրապարակումը միտված չի եղել երեխայի սոցիալական, հոգեւոր եւ բարոյական բարեկեցությանը, ինչպես նաեւ նրա ֆիզիկական ու հոգեկան առողջ զարգացմանն աջակցելուն, երեխային պաշտպանելուն։ Ավելին՝ համացանցում հայտնված եւ որոնողական համակարգերի միջոցով մշտապես հասանելի այդ տեղեկատվությունն ինքնին հակասում է երեխայի լավագույն շահին՝ կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ երեխաների կյանքի հետագա զարգացման վրա:
ՀՀ ԱՆ «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը» գտնում է, որ երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները եւ լրատվամիջոցները, կրում են հետեւյալ նվազագույն պարտականությունները եւ պարտավոր են. իրենց գործունեությունը կազմակերպել վերոնշյալ իրավական նորմերին համապատասխան, անձնական տվյալները հրապարակայնացնել միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով: Նաեւ՝ երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը եւ այլն), երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարեւոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար եւ ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
22.03.2016