Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիայի միջազգային օրը Երևանում նշվեց մեծ շուքով

Մարտ 22,2016 10:44

Մարտի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Պոեզիայի միջազգային օր: Արդեն մի քանի տարի է, ինչ այս օրը Երևանում նշվում է մեծ շուքով: Եղիշե Չարենցի տուն թանգարանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը թանգարանում կազմակերպել էին գրական ցերեկույթ: Միջոցառմանը մասնակցում էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, որոնք ասմունքում էին ինչպես դասական գրողների ստեղծագործություններ, այնպես էլ ժամանակակիցների:

Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխաներն իրենք են ընտրել ստեղծագործությունները. «Ուրախ եմ, որ դասականների ստեղծագործությունների կողքին՝ նրանք արտասանում են մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Երեխաներն ու երիտասարդները կարդում են, պոեզիայի հրաշալի զգացողություն ունեն. կարևորն այն է, որ երեխան պոեզիայի հետ առնչվի: Չարենցն ավելի հասուն տարիքի բանաստեղծ է, բայց մեր երիտասարդությունը Չարենց հրաշալի գիտի և նույնիսկ ուղղորդվում, ապրում աշխատում, ստեղծագործում է մեր հանճարի թողած պատգամներով»:

poeziai_or_3 poeziai_or_2 poeziai_or_1

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը հավելեց, որ ժամանակակից գրականությունը մի փոքր ստվերում է մնում, բայց դա ժամանակի խնդիր է. «Ամեն ինչ անում ենք այսօրվա ժամանակակից գրականությունը հասու դարձնելու ընթերցողներին, բայց դասականը, միևնույն է, առաջատար է: Երեխաներն այսօրվանից պետք է սկսեն սիրել գրականությունը: Ժամանակակից գրականությունն ավելի սիրելի, հասանելի դարձնելու համար գրողներն անձամբ են այցելում դպրոցներ, ծանոթանում և վաղվա օրվա տերերին ներկայացնում իրենց ստեղծագործությունները»:

Միջոցառում էր կազմակերպվել նաև Ընթերցողի արձանի մոտ: Կազմակերպիչները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ու Հայաստանի մշակութային հիմնադրամն էին: Այստեղ եկել էին ասմունքելու երիտասարդները:

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը նկատեց, որ այս տոնը դարձել է գեղեցիկ ավանդույթ, և սերը դեպի պոեզիա, դեպի տոնը ամեն տարի աճում է. «Եթե չխոսենք պոեզիայից, եթե չպատմենք պոեզիայի մասին, պոեզիայով հանդես չգանք, դժվար թե դա մեծ հետաքրքրություն առաջացնի: Պետք է ակտիվ պահել պոեզիան մարդկանց ականջներում: Այսօր հաճախ կարելի է լսել, որ ժամանակակից պոեզիա չկա, ժամանակակից գրողների առկայությունն ամենավառ ապացույցն է այն բանի, որ կա: Ամեն տարի ավելանում են նշելու հարթակները, կազմակերպությունները: Դպրոցները միշտ ներկա են միջոցառումներին, աշակերտները ոչ թե ստիպողաբար, այլ իրենց կամքով են գալիս: Եթե «սովետի» ժամանակ երիտասարդները կարդում էին, ապա մերօրյա երիտասարդները ոչ միայն կարդում են, այլ նաև այնպես են անում, որ մյուսներն էլ կարդան»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031