Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s գործակալությունը կամա, թե ակամա գնահատել է նաև Սերժ Սարգսյանի խոսքի վարկանիշը և գնահատել է բավական ցածր. «Ժամանակ»

Մարտ 22,2016 10:33

Սերժ Սարգսյանն արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել Իրանի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու թեմայով, խոսել այդ երկրների գործարարներին գրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին, բոլորովին վերջերս էլ այցելել է Հունաստան և Կիպրոս ու այնտեղ էլ ի թիվս այլ հարցերի՝ քննարկել նաև տնտեսական հարաբերությունները: Բայց տարօրինակ պատկեր է ստացվում՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է այդ ուղղությամբ քայլերի, արտաքին ներդրումների ներգրավման ուղղությամբ սեփական գործողությունները ակտիվացնելու, այդ խնդիրն անձնապես իր ուշադրության կենտրոն վերցնելու մասին, ու դրան զուգահեռ միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը նվազեցնում է Հայաստանի տնտեսության վարկանիշը: Այսինքն՝ ի պատասխան արտաքին ներդրողներին Սերժ Սարգսյանի մեսիջների, որպիսին անկասկած պետք է դիտարկել նրա սկսած խորհրդակցությունները, վարկանիշային գործակալությունը լիովին այլ մեսիջ է հղում արտաքին ներդրողներին: Իսկ այդ մեսիջի իմաստը, խոշոր հաշվով, այն է, որ պետք չէ վստահել Սերժ Սարգսյանի մեսիջներին:

Այսինքն՝ կամա, թե ակամա, այստեղ ստացվում է քաղաքական նշանակության անվստահություն, որ համաշխարհային տնտեսության համար բավական հեղինակավոր փորձագիտական կառույցը հայտնում է Սերժ Սարգսյանի քայլերի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ անձամբ սկսում է զբաղվել արտաքին ներդրումների ներգրավման խնդիրներով, իսկ այդ հայտարարությունից հետո հեղինակավոր վարկանիշային գործակալությունը ոչ թե բարձրացնում է Հայաստանի վարկանիշը՝ քանի որ նախագահի մակարդակով հայտարարվել է միջավայրի բարելավման գործընթացի մասին, այլ նվազեցնում է՝ ըստ էության անվստահություն հայտնելով այդ նախաձեռնությանը: Ասել է թե՝ «Մուդիս» գործակալությունը կամա, թե ակամա գնահատել է նաև Սերժ Սարգսյանի խոսքի վարկանիշը և գնահատել է բավական ցածր:

Անկասկած, գնահատման է արժանացել խոսքի և գործի հարաբերակցության գործակիցը, ոչ թե խոսքի գեղարվեստական կամ բովանդակային կառուցվածքն ինքնին: Այսինքն՝ Moody’s Investor Service-ը համարում է, որ Սերժ Սարգսյանը միայն խոսում է, իսկ ահա խոսքերն իրականություն դարձնելուն ուղղված գործերը հավանական չեն: Իհարկե, այստեղ եզրակացության համար կարիք չկա լինել միջազգային հեղինակավոր գործակալություն, այդ հարաբերակցության բացասական գործակիցը արձանագրելու կամ հասկանալու համար: Ավելին՝ Հայաստանում իրավիճակն այն աստիճան է հեռու տնտեսական և քաղաքագիտական կանոններից և առավել ևս օրինականությունից, որ կարծիք կազմելու, գնահատելու համար անգամ չկա մասնագիտական, փորձագիտական գործակալական ծառայությունների կարիք:

Ներդրողների համար ամեն ինչ առավել քան բաց ու տեսանելի է՝ հասկանալու համար, թե ինչպիսի վիճակ է Հայաստանի տնտեսությունում և ինչպիսի խորը ինստիտուցիոնալ, համակարգային տնտեսա-քաղաքական կոռուպցիայի ճիրանում է այդ տնտեսությունը: Հետևաբար, Moody’s Investor Service-ի «առակը» շատ պարզ մի բան է «ցուցանում», ընդ որում՝ ոչ թե միջազգային ներդրողներին,- նրանք Հայաստանի վիճակը առավել քան լավ գիտեն,- այլ Սերժ Սարգսյանին, որը փորձում է գրավչություն ապահովել նրանց համար. Հայաստանի արտաքին ներդրումներ ներգրավելու համար պետք է ոչ թե խոսել, այլ կատարել քայլեր առկա համակարգային խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, որովհետև թեկուզ կես քայլը միջազգային ասպարեզում կարող է ավելի մեծ նշանակություն ունենալ ներդրողների համար, քան մի հսկա տեքստը: Ի վերջո, ներդրողը կգնահատի նաև ռեսուրսի և ժամանակի օպտիմալ օգտագործման այդ փոքր դրվագը, որ շատ խոսելու փոխարեն, Սերժ Սարգսյանը գերադասում է թեկուզ քիչ, բայց գործ անել:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031