Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորին պետք է ողջունել

Մարտ 22,2016 10:12

Բոլոր մարդկանց մուտքը քաղաքականություն` անկախ նրանից, որ ճամբարում են նրանք իրենց տեսնում, պետք է ողջունել: Ինչո՞ւ: Որովհետեւ որքան շատ է հրապարակային քաղաքականությունը, այնքան մեծ են շանսերը, որ տարբեր ազդեցիկ խմբերի հակասությունները կլուծվեն հենց այդ` հրապարակային դաշտում: Եվ հակառակը` եթե հակասությունները մնում են ստվերում, ապա դրանք կարող են դրսեւորվել ոչ միայն գաղտնի պայմանավորվածությունների, այլեւ կրակոցների եւ ահաբեկչության տեսքով:
Բնական է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նոր քաղաքական ուժեր են հայտնվում կամ հներն են իրենց «բրենդը» փոխում: Պետք է բոլորին ողջունել եւ բարի երթ ցանկանալ: Այն ավանդական փնթփնթոցը, թե՝ եղած կուսակցությունները քիչ են, էլի՞ եք բացում, տեղին չէ: Թող բացեն՝ ինչպես եւ ցանկացած այլ երեւույթի դեպքում, ժամանակը կա՛մ կապացուցի դրա կենսունակությունը, կա՛մ էլ ցույց կտա, որ տվյալ կուսակցությունը ստեղծվել էր որոշակի ժամանակավոր խնդիրներ լուծելու համար:

Երբեմն ինձ թույլ եմ տալիս նոր կուսակցություններին բարեկամաբար, եղբայրաբար ինչ-որ բան հուշել: Օրինակ՝ «Հայկական վերածննդին» հիշեցնել, որ քանակը պարտադիր չէ, որ որակ ապահովի: Հետեւաբար պետք չէ «զանգվածայնություն» ապահովելու համար ցուցակագրել կնիք ունեցող բոլոր մարդկանց: Կամ՝ իմաստ չունի ներբողներ հյուսել առաջնորդի հասցեին (օրինակ՝ «Արթուր Բաղդասարյանի մտքերը հզոր են»)՝ 21-րդ դարում նման հիացական գնահատականները, կարծում եմ, ժամանակավրեպ են:
Պետք է ողջունել նաեւ Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը: Ինչո՞վ է նա մնացածից պակաս արժանի: Բնական է, որ այդ նախաձեռնությունը ոգեւորել է երկրորդ նախագահի կողմնակիցներին՝ նրանք մտածում են, որ հաջողության դեպքում կրկին կհայտնվեն «ձիու վրա»: Դա նորմալ է՝ ամեն մարդ իր պատկերացրած «ձին» ունի: Այստեղ էլ կարող եմ հուշել, որ ներկայիս սարսափելի արատները քննադատելիս պետք է դիտել դրանք մեր անկախության 25 տարվա համատեքստում եւ ոչ թե ասել՝ «ա՜խ, ինչ դրախտ էր մեր ժամանակ եւ ինչ դժոխք է հիմա»: Նույնը, բնականաբար, կարելի է խորհուրդ տալ ՀԱԿ-ի իմ բարեկամներին:

Իսկ ՀՀԿ-ի՞ն: Այդ կուսակցության հանդեպ նույնպես որեւէ բացասական զգացմունք չունեմ: Պարզապես նրանք, կարծում եմ, պետք է գիտակցեն, որ իշխանություն չունենալն այնքան էլ սարսափելի բան չէ: Ավելին՝ դա Հայաստանում հնարավորություն է՝ դրսեւորվելու որպես հենց քաղաքական ուժ, ոչ թե որպես նոմենկլատուրայի եւ բյուրոկրատիայի հավաքածու: Զրկվելով իշխանությունից՝ կդառնա արդյոք ՀՀԿ-ն «գեղի կլո՞ւբ», թե՞ կշարունակի լուրջ դերակատարություն ունենալ՝ դա կախված է այն կուսակցականներից, որոնք եկել են Հանրապետական՝ քաղաքականությամբ զբաղվելու, ոչ թե փող աշխատելու: Իսկ դրա համար պետք է թույլ տալ, որ լինեն իրապես ազատ ընտրություններ: Մի՞թե ձեզ հետաքրքիր չէ, հարգելի ՀՀԿ-ականներ, ձեր իրական վարկանիշը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031