Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի» գործ. Պահանջում են Աշոտ Սուքիասյանի ու նրա հարազատների գույքի վրա կալանք դնել

Մարտ 21,2016 23:20

«Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր քաղաքացիական գործ հարուցել եւ Աշոտ Սուքիասյանից բռնագանձել շուրջ 8 միլիարդ դրամ՝ որպես հանցագործությամբ Փայլակ Հայրապետյանին պատճառված գույքային վնաս:

Դատարանը ժամանակ էր տրամադրել պաշտպանական կողմին, որպեսզի իր առարկությունները ներկայացնի եւ միաժամանակ հայտարարել, որ պաշտպանի կողմից ներկայացված առարկություններից հետո նոր կքննարկի այդ քաղհայցը վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը. «Դրա հաջորդ  դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրեց իր առարկությունը, եւ դատարանը իր նախաձեռնությամբ, առանց տուժող կողմի միջնորդության, ժամանակ տրամադրեց, որպեսզի առարկության դեմ առարկություն ներկայացվի, ինչը դատավարական նորմի խախտում է: Նման դատավարական նորմ առկա չէ: Տուժող կողմը կարող էր իր ցանկությամբ հայտարարությամբ հանդես գալ կամ չգալ: Բացի դրանից, հաջորդ դատական նիստին դատարանը չանդրադարձավ այդ հարցին, ինչը դատարանի բացն է, մեր գնահատմամբ: Ճիշտ է, այս փուլում ես չեմ կարող ասել դատարանի կողմնակալության, անաչառության հետ կապված որեւէ բան, քանի որ հիմնավոր կասկած չունեմ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ դա դատարանի բացն է, եւ դատարանը պարտավոր էր անդրադառնալ այդ փաստին»,- մեզ հետ զրույցում ասաց Ինգա Ավագյանը:

Նրա խոսքերով՝ «Մինչ օրս պարզ չէ՝ մեր կողմից ներկայացված հայցը ինչ ընթացք ունի կամ ինչ ընթացք կստանա: Մինչ այժմ անցկացված դատական նիստերից պարզ է, որ Փայլակ Հայրապետյանին պատճառվել է վնաս հանցագործության հետեւանքով: Մենք հաշվարկել ենք բոլոր այն անշարժ գույքը, որն իրացվել է բանկի կողմից, ինչպես նաեւ Գաջեգործների տուն 1/1 հասցեում գտնվող գործարանի հետ կապված, որ արդեն այսօրվա դրությամբ 5 տարի 7 ամիս է՝ չի աշխատում, քանի որ իրացվել է բանկի կողմից: Այն փակվեց ու չթույլատրվեց, որպեսզի Փայլակ Հայրապետյանն  այն իրացնի: Այս տարիներին գործարանը փակվելով՝ նույնպես կրեց բավականին վնասներ: Մեր միջնորդության մեջ նաեւ դրա մասին կար: Մեր կողմից նշվել էր, որ ոչ միայն ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի անշարժ գույքի վրա կալանք դնեն, այլեւ նրա հարազատների: Մենք Սուքիասյանի գույքի մասին տեղեկություն չունենք՝ արդյո՞ք դա կբավարարի վնասի հատուցման  համար, թե՞ ոչ: Դրա համար մենք գտնում ենք, որ հարազատների գույքի վրա էլ պետք է կալանք դրվի: Մասնավորապես, ընտանիքի անդամների՝ կնոջ, դստեր գույքի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031