Վահան Շիրխանյանի վիրահատությունը հինգ ժամ ուշացնեին՝ մահանալու էր: Այս մասին Aravot.am-ին ասաց Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբաններն այսօր գլխավոր դատախազություն միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով նրա խափանման միջոցը փոխել: Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին ասաց, որ միջնորդությանը կցել են Շիրխանյանի հետազոտության արդյունքները:
«Վահան Շիրխանյանն էլի տրոմբ ունի, մյուս ոտքին ու ստացիոնար բուժման կարիք ունի: 3-6 ամիս պետք է ստացիոնար բուժում անցնի: Սրտի հետ կապված խնդիրներ էլ ունի: Բայց այսօր ժամը չորսի կողմերը նրան կրկին տարան քրեակատարողական հիմնարկ: Մենք դեմ ենք, իհարկե, չենք ընդունում, որ քրեակատարողական հիմնարկ տանեն, որովհետեւ այնտեղ վիրահատված մարդու համար պայմաններ չկան: Պատասխանատվությունն իրենց վրա է, եթե ինչ-որ բան լինի, թող պատասխան տան»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:
Նա պատմեց նաեւ, որ երկու շաբաթ առաջ Շիրխանյանի ու բանդայի անդամներից մեկի միջեւ առերեսում է եղել, որը ընդհատվել է ու պետք է առաջիկա օրերին շարունակվի: Ըստ նրա, նախատեսված է նաեւ մեկ ուրիշ առերեսում բանդայի անդամներից մեկ ուրիշի հետ. «Մենք էլ ենք կողմնակից, որ առերեսվեն, որովհետեւ հակասող հանգամանքներ կան, ուզում ենք քննչական մարմնին ցույց տալ, ինքը չի խուսափում որեւէ գործողությունից, որեւէ հարցի պատասխանելուց, անիմաստ եմ տեսնում հիվանդ մարդուն փակի տակ պահելը»,- ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Վերջում էլ հավելեց. «Էդ տերտերն ու լրագրողը, որ դուրսն են, ինչ է, կերե՞լ են իրենց: Այդ մարդը յոթանասուն տարեկան մարդ է, ինչ ցուցմունք առերեսում կա, տալիս է, իրենք էլ լավ գիտեն, որ բացի այդ երեքից՝ ոչ մեկի չի ճանաչում»:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ