Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Հանրապետության հրապարակից ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր ութ մասնակիցներին:
Նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը Aravot.am-ին պատմեց տեղի ունեցածի մասին: Ըստ նրա՝ դա իրենց հերթական քաղաքացիական անհնազանդությունն էր, որով բարձրաձայնում էին քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: «Սկզբում քայլում էինք, ինչպես միշտ, հետո երբ տեսանք, որ ոստիկանները գալիս են, նստեցինք իրար կպած, ձեռքերն իրար հյուսած պառկեցինք: Իրենք եկան, իրենց մեթոդով մեզ քաշեցին, բռնեցին ու տարան, ոչ մի նորություն»,- պատմեց տիկին Սիմոնյանը: Նա նշեց, որ ոստիկանությունը նրանց դիմել է, որ տեղափոխվեն շատրվանների մոտ: «Մենք էլ արդեն նստած էինք, ինչի՞ պետք է տեղափոխվեինք,- ասաց նա՝ ավելացնելով,- Ոստիկանը պառկած կանանց ասում էր՝ կանայք, խայտառակ եք անում ձեզ, ձեր պատվի հետ եք խաղում: Դա հերիք չի, որ ասաց, դեռ մի հատ էլ ասում էր՝ կանայք, մի ընդդիմացեք, կանայք տղամարդկանց չպետք է ընդդիմանան»:
Ըստ մեր զրուցակցի՝ ոստիկանությունը, պատճառաբանելով, թե գորգի վրա ակցիա անելու իրավունք չկա, մասնակիցներին բերման ենթարկեց:
Նախաձեռնության մասնակիցները ոստիկանությունում երեք ժամ են մնացել, այստեղ վարչական տույժի մասին ոստիկանությունը արձանագրություն է կազմել:
Կարդացեք նաև
«Վարչական տույժը, մենք գիտենք, որ հիսուն հազար դրամ է, բայց հրաժարվել ենք որեւէ հարցի պատասխանել, որեւիցե բան ստորագրել, որեւիցե թղթի հետ ծանոթանալ: Իրենք իրենց գրանցումներն արել են եւ ազատ են արձակել, քանի որ մենք բոյկոտել ենք, տեղեկացված չենք, թե իրենք այնտեղ ինչ են գրել,- պատմեզ Սյուզան Սիմոնյանը՝ ավելացնելով, որ նրանք իրենց պայքարն ամեն դեպքում շարունակելու են,-մենք շարունակելու ենք նստել Երեւանի տարբեր տեղերում, մինչեւ որ Գեւորգին ազատ չարձակեն, նաեւ մեր մյուս քաղբանտարկյալներին էլ է դա վերաբերվում»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ինչևէ… Փառք Տիրոջ, գոնէ բաւարար արագօրէն ազատ արձակվել են, որպէսզի ժամանակ ունենան տուն երթալու եւ երեխաների ընթրիքը պատրաստելու, յաջորդ օրվան համար անոնց դպրոցական պարտականութիւնները վերահսկելու, լոգանքը դասաւորելու, եւայլն…
համակենտրոնացման ճամբարի շորերը Գերմանյայից են ուղարկել?