«Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, այնպես էլ պարոն Օսկանյանն, իրավունք ունի անհրաժեշտության դեպքում, օրենքի շրջանակներում, ստեղծել կուսակցություն։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ որոշ նորաստեղծ կուսակցությունների ներկայացուցիչներ ասում են, թե ի՞նչ կարիք կա, այսքան կուսակցություններ կան, ինքն ինչո՞ւ է կուսակցություն ստեղծում»,- «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նա վերոնշյալ մարդկանց հարց ուղղեց, թե այդ դեպքում ինչո՞ւ իրենք ստեղծեցին կուսակցություններ. «Եթե մարդը գտնում է, որ այն գաղափարները, որ ինքն ունի իր գաղափարակիցների հետ որեւէ կուսակցություն այսօր ամբողջությամբ չի ներկայացնում, միանշանակ իրավունք ունի ստեղծելու այդ կուսակցությունը։ Վարդան Օսկանյանը մեր իրականության համար անհայտ մարդ չէ։ Իշխանության ձեւավորման առաջին օրերից եղել է իշխանության մեջ, 10 տարի եղել է արտաքին գործերի նախարար եւ ոչ վատ նախարար»։
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ կարեւոր չէ այն, որ Օսկանյանն այլ կուսակցության անդամ է եղել. «Գուցե հույս է ունեցել, որ նախկին կուսակցությունն ինչ-որ ձեւով կարող է ապահովել բոլոր այն խնդիրները, որոնք ինքը ցանկացել է լուծում։ Կարող է չի ստացվել եւ հիմա ինքը որոշել է նոր կուսակցություն ստեղծել։ Ողջունում եմ այդ քայլը։ Շատ հաճախ հանդիպում ենք։ Ես գիտեի նրա ծրագրերի մասին, խոսել ենք այդ թեմայով։ Ողջունում եւ հաջողությունում եմ մաղթում»։
Հետեւելով Վարդան Օսկանյանի՝ կուսակցության ստեղծելու որոշումից հետո տեղ գտած արձագանքների մասին, Գառնիկ Իսագուլյանի մոտ տպավորություն է ձեւավորվել, թե մնում է, որ Օսկանյանի մեղադրեն Հռոմի կործանման մեջ։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի շուրջ մեղադրանքներին, ասեմ, որ արտգործնախարարին մեղադրել Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործերի մեջ, չգիտեմ ինչ պետք է լինի»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այդ օրը Վարդան Օսկանյանի ունեցած ելույթին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքն այդ ժամանակ եղել է նախագահի ազգային անվտանգության գործով օգնականը. «Ես եղել եմ, այդ շենքում եմ գտնվել։ Շատերն էին պարտավոր ելույթ ունենալ։ Բայց, եթե չգտնվեց մեկը, որն իր վրա պատասխանատվություն կվերցներ եւ կխոսեր, նա վերցրեց իր վրա եւ մենք այդ մարդուց պետք է շնորհակալ լինենք»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ