Ի տարբերություն Հայաստանի, 2015-ին Արցախում զբոսաշրջիկների թվի աճ է գրանցել:
Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում Արցախի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ 2014 թվականին թեեւ օտարերկրյա զբոսաշրջիկների թվի նվազում էր արձանագրվել, սակայն 2015-ին 13% աճ է գրանցվել: Ըստ Շահվերդյանի, մինչեւ 2014 թվականն էլ Արցախում զբոսաշրջիկների թվի տարեկան 30-40 % աճ էր գրանցվում:
Պարոն Շահվերդյանը վստահեցրեց, որ Արցախ զբոսաշրջիկների այցը հիմնականում Ռուսաստանից է, ապա ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից:
Փոխնախարարի խոսքերով՝ ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում էլ շատերն այն կարծիքին են, որ Արցախի փողոցներում քայլում են զինյալ մարդիկ: Շահվերդյանն ասաց, որ այս կարծրատիպը պետք է կոտրել, եւ Արցախի մասին ավելի շատ տեղեկություններ տարածել:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին՝ Արցախում զբոսաշրջության հատկապես ո՞ր ոլորտն է զարգանում, արդյոք գյուղական տուրիզմը, որը ԼՂՀ-ում զարգացման մեծ ներուժ ունի, զարգանո՞ւմ է, Շահվերդյանը նշեց մի շարք ճյուղեր, եւ վստահեցրեց, որ ջանքեր են կիրառում նաեւ գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում
Լրագրողներից մեկի հարցին՝ ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովի այցը Ղարաբաղ, ի՞նչ օգուտ տվեց, Շահվերդյանն ասաց, որ Ստերլիգովի այցն Արցախ դրական ֆոն ստեղծեց:
Ըստ պարոն Շահվերդյանի, տարեցտարի ավելանում է Արցախ այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը. Արցախում իրենց հանգիստն են անցկացնում ռուս շատ մտավորականներ, գործարարներ, մշակույթի գործիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում
Ասուլիսի մյուս բանախոս՝ զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանն էլ ասաց, որ Արցախ այցելած զբոսաշրջիկները միշտ դրական տպավորություններով են վերադառնում՝ թե՛ Արցախի բնությամբ, թե՛ հյուրընկալությամբ եւ պատմամշակութային կոթողներով տպավորված:
Արտակ Գրիգորյանը պատմեց, որ իրենք մշտապես մասնակցում են զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին, եւ դրանք առանց միջադեպերի չեն անցնում. Ադրբեջանցիները միշտ փորձում են խոչընդոտել.«Բեռլինում ITB միջազգային ցուցահանդեսում ադրբեջանցիները փակել են իրենց տաղավարն, իբր բողոքում են, ադրբեջանական դրոշներով կանգնում են Արցախի տաղավարի մոտ, քաղաքական լոզունգներով պաստառներ էին ցուցադրել, ու նման այլ բաներ էին անում: Մենք կանչեցինք անվտանգության աշխատակիցներին, ու խնդիրը կարգավորվեց: Արդյունքում իրենք տուժեցին՝ 2 օր իրենք իրենց տաղավարը փակ պահեցին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք Արցախ այցելած զբոսաշրջիկների շրջանում եղե՞լ են մարդիկ, որոնք մինչ այցելությունը, կարծել են, թե որպես հակամարտող երկիր, Արցախում պատերազմ է, վտանգավոր է, մեր այս հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ Արցախ այցելում են հիմնականում նրանք, ովքեր լավ տեղեկացված են Արցախի մասին, մինչ այցելությունը մանրամասն հետաքրքրվում են: Բացի այս, ինչպես նշեցին բանախոսները, զբոսաշրջիկների՝ Արցախի մասին տպավորություններում հատկապես շեշտվում է անվտանգությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ