Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 21-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:
Այս դատական նիստի ընթացքում Վարդգես Գասպարին պետք է վերջին խոսքով հանդես գար: Հիշեցնենք, որ մեղադրող Վահան Մանուկյանը հանդես էր եկել մեղադրական ճառով եւ միջնորդել էր Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչել եւ նրա նկատմամբ նշանակել տուգանք 400 հազար դրամի չափով: Նախորդ նիստերից մեկի ընթացքում դատավորը վարույթից հեռացրել էր Գասպարիի երեք պաշտպաններին՝ Տիգրան Եգորյանին, Լուսինե Հակոբյանին եւ Դավիթ Գյուրջյանին եւ որոշում էր կայացրել նոր պաշտպան նշանակել: Այս նիստին ներկայացել էին Գասպարիի երեք պաշտպաններն էլ, եւ դատական նիստի ընթացքում չհիշատակվեց փաստաբանների վարույթից հեռացվելու հանգամանքը:
Դատական նիստի ընթացքում Տիգրան Եգորյանը պաշտպանական ճառով հանդես գալու փոխարեն ասաց, որ մի քանի նիստ է՝ պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն կողմին չի հաջողվել. «Հիմա կխնդրեինք հնարավորություն ընձեռել եւ մեզ ժամանակ տալ, որպեսզի Ձեզ ներկայացվի ինքնաբացարկի մասին միջնորդություն, որը պետք է լրացնենք վերջին երկու նիստերի ընթացքում Ձեր պահվածքի կապակցությամբ փաստերով՝ որպես լրացուցիչ հիմքեր Ձեր անկողմնակալության եւ որպես արդար դատարան հանդես գալու մասին»:
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ հետաձգել դատական նիստը, նրան տրամադրելով ժամանակ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ