ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Իշխան Խաչատրյանը մարտի 21-ին աշխատանքային այցի շրջանակում եղել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով իր գլխավորած հանձնաժողովն առաջիկայում նախատեսել է խորհրդարանական լսումներ անցկացել եւ իրենց այցի նպատակն է մինչ այդ ոլորտի խնդիրների վերաբերյալ ՃՈ պատասխանատուներից ստանալ տեղեկատվություն, լսել նրանց առաջարկները:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արմեն Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորները հետաքրքրվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունքների, տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի տեղադրումից հետո ճանապարհային պատահարների վիճակագրության, տեխնիկական այդ միջոցների ներդրման նպատակահարմարության ու արդյունավետության, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված վարչական տուգանքների չափերի վերանայման անհրաժեշտության մասին: Արմեն Հակոբյանը ներկայացրել է ՃՈ բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ ՃՈ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերջնական արձանագրման կենտրոն եւ ծանոթացել աշխատանքի առանձնահատկություններին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ