Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում փորձարկվել է քաղաքացիների կողմից քաղաքաշինական գործընթացների հետ կապված առցանց եղանակով դիմումներ ներկայացնելու ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում մուտքագրել դիմումները, որի արդյունքում այնուհետ ձևակերպված քաղաքաշինական փաստաթղթերը, համաձայն գործող ընթացակարգի, արդեն թղթային տարբերակով կտրամադրվեն դիմումատուներին:
Քաղաքապետը, մեկ անգամ ևս շեշտելով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի իրազեկման կարևորությունը, հանձնարարել է այդ հարցում լինել առավել ակտիվ:
«Քաղաքաշինական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծելով՝ բավականին պարզեցվել է փաստաթղթերի տրամադրման գործընթացը: Հանրությանը պարբերաբար իրազեկե՛ք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի մասին, որպեսզի քաղաքացին հստակ իմանա դիմում ներկայացնելու ձևը և հետագա ընթացակարգը, ինչն իր հերթին կապահովի գործընթացի հստակությունն ու թափանցիկությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է շինարարական հրապարակների կազմակերպման կանոնների խախտման 21 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 12 դեպք, 4 հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարան