Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է ծառերի սանիտարական էտը: Արդեն իսկ էտվել է շուրջ 8000 ծառ: Նշվել է նաև, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում և առավել արդյունավետ կազմակերպվեն ծառատունկի և շաբաթօրյակի աշխատանքները:
«Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկերին ուշադրության կենտրոնում հիմնականում ծառատունկի աշխատանքներն են լինում, մինչդեռ ոչ պակաս կարևոր է նաև շաբաթօրյակը: Ըստ այդմ, այս տարի ձևավորեք 2 աշխատանքային խումբ, որոնք առանձին-առանձին կհամակարգեն աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները, անշուշտ, ներգրավված կլինեն շաբաթօյակին և ծառատունկին: Արդեն ունենք նաև տարբեր հասարակական կազմակերպությունների համագործակցության և մասնակցության առաջարկներ, ինչը ողջունելի է և հարկ է, որ այդ համագործակցությունը լինի առավելագույն արդյունավետ: Ուստի համաչափ տեղաբաշխեք ուժերը և ներգրավելով կոմունալ բոլոր ծառայություններին, նաև հատուկ ուշադրության կենտրոնում պահեք կենցաղային և շինարարական աղբի կուտակման քրոնիկ վայրերի մաքրման աշխատանքները»,- հանձնարարել է քաղաքապետը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս մեծ թվով քաղաքացիների, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների ներգրավել ծառատունկի աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարան