Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծ ներուժ ունի նոր դեղամիջոցների մշակման և կենսաբանական հետազոտությունների կատարման ոլորտում

Մարտ 21,2016 16:51

Մարտի 21-26-ը ՀՀ մայրաքաղաք Երևանում կազմակերպվում է գիտաժողով , որի ընթացքում կներկայացվեն պաթոգենների, վիրուսների և բակտերաների հետ կապված վերջին ուսումնասիրությունների արդյունքները : Գիտաժողովի նախաձեռնող, Հայաստանի մոլեկուլար կենսաբանության ինստիտուտի հետազոտող Հովակիմ Զաքարյանը պատմում է Հայաստանում կենսատեխնոլոգիայի ոլորտի զարգացման մասին:

Որո՞նք են Ձեր կազմակերպած միջոցառման ընթացքում քննարկվող գլխավոր հիմնախնդիրները :

Մեր գիտաժողովը նվիրված է պաթոգենների՝ բակտերիաներ, վիրուսներ, պարազիտներ, ժամանակակից ուսումնասիրություններին: Գիտաժողովն ունի հետաքրքիր ձևաչափ. այն ավելի շատ նման է դասախոսությունների շարքի, որոնց հիմնական լսարանը երիտասարդ գիտնականներն ու ուսանողներն են: Այդ նպատակով արտասահմանից հրավիրել ենք մեծանուն գիտնականների այնպիսի ինստիտուտներից ու համալսարաններից, ինչպես Պաստյորի ինստիտուտը կամ Օքսֆորդի համալսարանը: Հինգ օրվա ընթացքում նրանք կներկայացնեն իրենց հետազոտությունները և իրենց ոլորտի նորագույն ձեռքբերումները:

Օրինակ, մի ամբողջ օր նվիրված է լինելու նոր վիրուսների բացահայտման տեխնոլոգիաներին, վիրուսների էվոլյուցիային, ինչպես նաև ՄԻԱՎ-ին, որը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել, շատ լավ ուսումնասիրված է, բայց որի դեմ մինչև հիմա չկա ոչ պատվաստանյութ, ոչ էլ արդյունավետ դեղամիջոց : Մեր գիտաժողովը երիտասարդ մասնագետների շրջանում բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել :

Ավելի քան 30 մասնակից կունենանք Հայաստանից, կան նաև արտասահմանից գրանցված երիտասարդ գիտնականներ: Հիանալի առիթ է, որպեսզի երիտասարդները շփվեն թե մեծանուն գիտնականների, թե իրար հետ: Նման շփումը կարող է նպաստել նոր գաղափարների և համագործակցության առաջացմանը:

Այս թեմայով նման խոշոր միջոցառում Հայաստանում երբեք տեղի չի ունեցել : Գիտաժողովը ֆինանսավորվում է FEBS (Federation of European Biochemical Societies) և EMBO (European Molecular Biology Organization) կողմից:

Մեզ աջակցում են նաև Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ (Young Biologists Association), Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիան և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: Առանց այս կազմակերպությունների աջակցության անհնար կլիներ նման մակարդակի գիտաժողով կազմակերպել: Շատ պարտավորեցնող աջակցություն է, և մենք հպարտ ենք, որ ունենք նման գործընկերներ:

Eliza-Sargsyan

Էլիզա Սարգսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Ինչպիսի՞ն է ներկայումս Հայաստանում կենսատեխնոլոգիաների ոլորտի վիճակը :

Եթե համեմատենք արևմուտքի, օրինակ` Ֆրանսիայի հետ, ապա մենք շատ հետ ենք: Դրա պատճառը ոչ թե մեր գիտնականների վատը լինելու մեջ է, այլ անհրաժեշտ ֆինանսական և ենթակառուցվածքային հնարավորությունների բացակայության: Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում զարգացած էին թե կենսատեխնոլոգիաները, թե քիմիան, թե ֆիզիկան:

Պատկերացրեք, որ Հայաստանի նման փոքրիկ երկիրն այն ժամանակ արտադրում էր ամինաթթուներ, սպիտակուցներ, տարբեր դեղամիջոցներ, որոնց մեծ մասն արտահանվում էր, այդ թվում Եվրոպա, քանի որ այդ ապրանքն ուներ բարձր որակ և պահանջարկ: ԽՍՀՄ փլուզումից հետո ամեն ինչ անկում ապրեց, այդ թվում գիտությունը, որի ֆինանսավորումը կրճատվեց գրեթե 20 անգամ: Սա ահռելի հետընթաց էր, որի հետևանքները մենք զգում ենք մինչ այսօր, քանի որ մեր գիտությունը շարունակում է մնալ թերֆինանսավորված վիճակում (Հայաստանում գիտության վրա ծախսվում է ՀՆԱ-ի շուրջ 0,26%, իսկ օրինակ` Ֆրանսիայում ՀՆԱ-ի 2,2%):

Որո՞նք են մեր երկրի ուժեղ և թույլ կողմերը

Ամենաուժեղ կողմը մարդկային ներուժն է: Սա դատարկ խոսք չէ: Իմ ոլորտում՝ մոլեկուլային կենսաբանության մեջ, կան բազմաթիվ փայլուն երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, որոնք ունեն լավ գիտելիքներ, նպատակասլաց են, ունեն ցանկություն լինելու մեծ գիտության մի մասնիկը : Անգամ ֆինանսական նման ծանր պայմանները չեն սպանում նրանց մեջ գիտությամբ զբաղվելու ցանկությունը : Սա մեծ ուժ է : Ամենաթույլ կողմը նույնպես կապված է մարդկային ներուժի հետ . անկախության 25 տարվա մեջ մենք այդպես էլ չսովորեցինք ճիշտ կերպով օգտագործել մարդկային ներուժը , չհասկացանք, որ պետք է անել ամեն բան, որ նման երիտասարդները մնան Հայաստանում, այստեղ զբաղվեն գիտությամբ: Հայաստանը փոքր երկիր է, և մենք իրավունք չունենք չզբաղվելու գիտությամբ :

Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ոլորտի զարգացման պատմությունը, և ի՞նչ հեռանկարներ կան:

Շուրջ մեկ դար առաջ Պաստյորի ինստիտուտում Իլյա Մեչնիկովն առաջարկեց կիրառել կաթնաթթվային բակտերիաները որպես աղեստամոքսային հիվանդությունների բուժման եղանակ: Եվ պատկերացրեք, որ այդ տեսությունն առաջին անգամ լուրջ կերպով սկսեցին իրագործել Հայաստանում:

Լևոն Երզնկյանը, փայլուն մանրէաբան և կենսատեխնոլոգ, 1930-1940-ական թվականներին առանձնացրեց կաթնաթթվային բակտերիաների տասնյակ շտամեր: Դրանց հիման վրա 1950-ական թվականներին հիմնադրվեց երեխաների սնունդի հատուկ արտադրություն, որի մեջ կային այդ բակտերիաները: Այդ սննդատեսակի շնորհիվ հնարավոր եղավ կտրուկ նվազեցնել աղեստամոքսային հիվանդությունների և դրանցով պայմանավորված՝ երեխաների մահացության թիվը: Այսօր այդ բակտերիայի շտամերը նույն նպատակով կիրառվում են բազմաթիվ երկրներում ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան և այլն: Իսկ ամեն ինչ սկսվեց Հայաստանից…

Սա մեր կենսատեխնոլոգիաների պատմության սկիզբն էր: Այսօր Հայաստանում գործում է երեք գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ իրականացվում են կենսատեխնոլոգիաների հետ կապ ունեցող հետազոտություններ : Նաև կան մի քանի գիտական խմբեր համալսարաններում: Սա շատ քիչ է, սակայն ֆինանսական նման պայմաններում ավելին չէր էլ կարող լինել: Կարծում եմ՝ մեզ համար շատ հեռանկարային են բոլոր այն ուղղությունները, որոնք քիչ ֆինանսական ներդրումներ են պահանջում:

Օրինակ, նոր դեղամիջոցների համակարգչային դիզայն կամ կենսաբանական ակտիվություն ունեցող նյութերի բացահայտում: Իմ խումբը զբաղվում է հակավիրուսային ակտիվություն ունեցող մոլեկուլների հետազոտմամբ:

Սրանք ժամանակակից կենսատեխնոլոգիաների, դեղագործության ամենակարևոր բաժիններից են և չեն պահանջում շատ մեծ ֆինանսական ծախսեր: Իհարկե, վերջնական նպատակը պետք է լինի մեր գիտնականների կողմից ստացվող արդյունքների կոմերցիալիզացիան: Այդ հարցում պետք է պետության, մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ արտասահմանյան, աջակցությունը:

Արդյոք պետությունը որևէ կերպ աջակցո՞ւմ է ոլորտի զարգացմանը

Ես արդեն նշեցի, որ պետությունը գիտությանը հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0.26%: Գիտության, այդ թվում կենսատեխնոլոգիաների նորմալ զարգացման համար անհրաժեշտ է, որ ֆինանսավորումը հասնի ՀՆԱ-ի շուրջ 1%. սա ընդունված միջազգային չափանիշ է: Այժմ մենք հեռու ենք ֆինանսավորման նման մակարդակից: Բացի այդ, գրեթե չկան մասնավոր ընկերություններ, որոնք հետաքրքրված կլինեն կենսատեխնոլոգիաներով: Կան մի քանի դեղագործական ընկերություններ, որոնք արտադրում են ջեներիկ դեղամիջոցներ: Հետևաբար, ոլորտի զարգացման համար պետք է երկու բան.

1) էապես մեծացնել գիտության ֆինանսավորման մակարդակը ,

2) ստեղծել օրենսդրական այնպիսի դաշտ, որը կխթանի մասնավոր ընկերությունների և գիտության կապի ստեղծումը, օրինակ՝ հարկային արտոնությունների քաղաքականության միջոցով:

Էլիզա ՍԱՐԳՍՅԱՆ

Ֆրանսիական Համալսարանի ուսանողի այս հոդվածը հրապարակվել է Լիոնի Biotech Finances թերթում : Ներկայացվում է հեղինակային թարգմանությամբ :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031