Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում անտառը 99 տարով վարձակալության հանձնել հանքարտադրության համար

Մարտ 21,2016 16:31

«Մենք անընդհատ անտառային տարածքներ ենք կորցնում։ Օրինակ, միայն Սյունիքի Քաջարան հանքավայրն, իմ հաշվարկներով, տարեկան 30-35 միլիոն տոննա թափոն է լցնում անտառածածկ տարածքների վրա։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում ծանր մետաղներ պարունակող դատարկ կապարները լցնել անտառների վրա. հավերժորեն մտնում է անտառ եւ տարածք»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում անտառների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը։

Նա նշեց, որ նման խնդիր կա նաեւ այլ հանքավայրերի շրջակայքում։ Հակոբ Սանասարյանն ասաց, որ մարտի 17-ին, կառավարության նիստի ընթացքում, վիճակը բարելավվելուն միտված առաջարկություններ է ներկայացրել. «Ես առաջարկեցի, որ ստուգումներ իրականացնեն եւ ճշտեն, թե տարեկան ինչքան թափոն է լցվում անտառների վրա եւ քանի հեկտար անտառ է կորչում։ Երկրորդը՝ անտառային տարածքներն ընկնում են հանքարտադրության տակ. մետաղական եւ ոչ մետաղական։ Հիմա տեսնենք՝ կճշտվի այդ հարցը, թե ոչ»։

«Կանաչների միության» նախագահը շեշտեց, թե բազում անգամներ խոսվել է, որ Հայաստանում անտառները շատ քիչ են. «Մյուս կողմից՝ անտառները 95-99 տարով օտարում են եւ որպես վարձակալություն տալիս են ընկերություններին, որպեսզի այնտեղ նրանք հանքարտադրություն իրականացնեն։ Ի՞նչ է նշանակում 99 տարով վարձակալության տալ հանքարտադրության համար։ Եթե դուք անտառային տարածք տվեցիք հանքավերամշակման եւ հանքահանման համար, դուք կունենաք հետեւյալը։ Հանքահանումից հետո 2 կիլոմետր խորությամբ եւ լայնությամբ փոսեր են մնում, իսկ թափոնները լցվում են գետերի մեջ։ Սրանք միլիոնավոր տարիներ մեռնում են։ Նույնիսկ այդ թափոնները մաքրելու փորձից հետո, դրանք հնարավոր չի լինի օգտագործել գյուղատնտեսության համար»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031