Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Մաթեւսյանը բնապահպան ակտիվիստին. «Մի’ գոռացեք, սա անտառ չէ» (Տեսանյութ)

Մարտ 21,2016 16:13

«Թիվ մեկ խնդիրը մնում է ապօրինի հատումները: 90 տոկոսը սոցիալական խնդիրների պատճառով է»,-այսօր ներկայացնելով անտառների վիճակը՝ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ըստ նրա, գյուղացին վառելիքի այլընտրանք չունի, այդ պատճառով էլ ավելի էժան վառելիքը նրանց համար փայտն է:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում պարոն Մաթեւոսյանին հակադարձելու էր եկել Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանը:

Պարոն Մաթեւոսյանի այն պնդումներին, թե ծառահատումները հիմնականում անտառամերձ տարածքների բնակիչներն են կատարում, Անի Խաչատրյանն ասաց, որ իրենց խումբը այցելել է անտառային տարածքներ եւ հայտնաբերել, թե որքան շատ հաճարենիներ եւ հաստաբուն ծառեր են հատված եւ տարածքում թափված այդ ծառերի թափուկներ:

Անի Խաչատրյանի համոզմամբ, եթե գյուղացին սոցիալական պայմաններից դրդված մտնում է անտառ, ապա, նա ոչ թե կսղոցի հաստաբուն ծառերը` իմանալով ինչ պատասխանատվություն է նրան սպասվում, այլ` կհավաքի այդ թափուկները, որոնք կտրատված ծառերի մնացորդներն են:

Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ մեկ անտառապահի պահպանության տակ գտնվող տարածքը կազմում է 700-1000 հեկտար. «Մեկ անտառապահը, նաեւ տեխնիկական հնարավորությունների բացակայության պայմաններում, հնարավորություն չունի, պատկերացրեք կա գիշեր, որի ընթացքում իրականացվում են անտառահատումները»:

Սրան ի պատասխան, Անի Խաչատրյանն ասաց, որ երբ բնապահպաններն են այցելում տարածք գիշերով, անտառապահը «հրաշքով միանգամից հայտնվում է եւ թույլ չի տալիս առաջ գնալ»:

Պարոն Մաթեւոսյանը բնապահպան ակտիվիստին, որը ոգեւորված պատմում էր, թե ինչպիսի խոչընդոտներ են առաջացնում անտառապահները, երբ բնապահպանները փորձում եմ գնալ սղոցների ձայների հետքերով, հորդորեց ցածր խոսել. «Մի գոռացեք, սա անտառ չէ»: Մարտուն Մաթեւոսյանի եւ Անի Խաչատրյանի փոխադարձ մեղադրանքները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե անտառի հաշվեկշիռը խախտվելու դեպքում ինչպիսի բնական աղետներ են տեղի ունենում, ասուլիսի մասնակից Հովիկ Սայադյանն ասաց, որ աշխարհի մի շարք երկրներում` Մալայզիայում, Ինդոնեզիայում, Բրազիլիայում, որտեղ մեծամասշտաբ ծառահատումներ են իրականացվում, սողանքներ են լինում:

Հայաստանում, ըստ մասնագետի, Իջեւանի Վազաշեն գյուղի տարածքում սողանքների հետեւանքով մի քանի տնտեսություն դիմել են կառավարություն, ստացել են փոխհատուցում` այլ վայրում տուն գնելու. «Խնդիրը նրանում է, որ դա ավելի շատանալու է եւ շատանալու է կլիմայի փոփոխության ֆոնին: Կլիման դառնում է ավելի չորային, որովհետեւ, երբ անտառը հատում ենք, խոնավության եւ հողի դիմադրողունակության հարաբերակցությունը գնում է հօգուտ սողանքների եւ սելավների ակտիվացման»:

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած անտառահատումների դեպքին, որի մասին ահազանգել էին Համահայկական բնապահպանական ճակատի անդամները` ներկայացնելով լուսանկարներ, Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ այդ տարածքները «Հայանտառի» հետ կապ չունեցող տարածքներ են եւ որ մասնավորապես այդ հատումները եղել են Կապանի տարածքի անտառներում:

Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ այդ տարածքները ականապատված են եւ հնարավոր է ականազերծման նպատակով են այդ ծառերը հատվել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031