Այսօր «Հայացք» մամուլի ակումբում` պատասխանելով քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ԸՕ-ի նախագծին վերաբերող դիտարկումներին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ խոսքը Ընտրական օրենսգրքի դեռեւս նախագծի մասին է, որն անցնելու է հանրային քննարկում. «Ամենակարեւորը՝ խորհրդարանում հնարավոր է ցանկացած փոփոխություն»,- ասաց նա, սակայն, դիտարկված բոլոր կետերը, ըստ պատգամավորի, վստահորեն քննարկման արժանի չէին:
Անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի այն դիտարկմանը, թե համամասնական ընտրակարգը մեծամասնականի ձեւափոխված տեսակն է, նա ասաց. «Սկզբունքորեն դեմ եմ, որ այն մեկ այլ տեսակի մեծամասնական ընտրակարգ է, որովհետեւ եթե նախկինում խոսքը գնում էր ամբողջական ցուցակի մասին, ապա այսօր խոսքը գնում է ե՛ւ համապետական ցուցակի, ե՛ւ տվյալ մեծացված ընտրացուցակի մասին: Եթե առաջ 41 ընտրատարածք էր հանրապետությունում, ապա հիմա նախագծով առաջարկվում է 13, այսինքն՝ բավականին մեծ է ընտրատարածքը: Եվ բնականաբար մարդիկ կուզենան իմանալ, թե իրենց ընտրատարածքից ովքեր են ընտրված կուսակցության ցուցակում»:
Անդրադառնալով արդեն գունավոր քվեաթերթիկներին՝պարոն Թորոսյանն ասաց. «Քանի որ համամասնական ցուցակում կարող է լինել 200-300 մարդ, ապա դա տեխնիկական դժվարություններ է առաջացնում ծանոթանալու համար, այսպես ընտրողը կարող է հենց ընտրության պահին ծանոթանալ, թե բացի կուսակցությունից, որին ինքը ցանկանում է քվեարկել, գիտենա, թե իր տարածքից ում կկարողանա քվեարկել»: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ այս մեթոդով քվեարկությունը ստվեր չի գցում համամասնական ընտրակարգի վրա:
Շիրակ Թորոսյանը վստահ է, որ ընտրական ցուցակները չհրապարակելու իրենց դիրքորոշումն ամենաճիշտն է: Նա առաջ բերեց մշտական պատճառաբանությունները. «Ընտրության չմասնակցած քաղաքացու իրավունքն է. ինչո՞ւ պետք է ամբողջ հանրությունն իմանա, որ ինքը այդ պահին չի մասնակցել: Եվ սա միակը պատճառը չէ: Նախ՝ ընտրության մասնակցածներին ծանոթանալու իրավունք ունեն լրագրողները եւ վստահված անձինք, որոնք կարող են տեղում ծանոթանալ եւ իմանալ, թե ովքեր են մասնակցել ընտրությանը: Շահագրգիռ համարվող կուսակցության հանձնաժողովականները եւս այդ տեղեկատվությանը տիրապետում են: Մյուս կողմից էլ՝ նոր էլեկտրոնային ընտրական համակարգ ստեղծելով՝ ակնհայտ երեւում է, թե այդ պահին ով մտավ քվեախցիկ ընտրելու, որովհետեւ էլեկտրոնային համակարգը նկարով անգամ ցույց է տալիս, էլ չեմ ասում անուն, ազգանունը եւ այլն: Իսկ ովքեր նույնականացման քարտով չեն մտնում, նրանց դեպքում արդեն բացի լուսանկարներից, ամեն ինչ ֆիքսվում է:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանի որոշում է, որ դա քաղաքացու անձնական կյանքի իրավունքի ոտնահարում է,- ասաց պարոն Թորոսյանը՝ նշելով,- Սկզբունքային չէ ընտրացուցակների հրապարակումը, քանի որ նրանք մի քանի կողմերով տեսանելի են, եւ ովքեր որ շահագրգռված են տիրապետել այդ տեղեկատվությանը, կտիրապետեն»:
Անդրադառնալով լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակմանը՝ ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ դեռ նախագիծը քննարկման փուլում է, եւ հնարավոր է՝ հենց այս մասը օրինագծում կփոխվի: Ըստ նրա՝ կքննարկեն եւ կապահովեն ընտրությունների արդյունավետ անցկացումը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ