ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը, Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Պիեռ Անդրյուն Ֆրանսիայից) հետ այսօր համատեղ վերահաստատել են իրենց վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։
«Խաղաղ գործընթացում հաջողության հասնելու համար խիստ կարեւոր է, որ կողմերն իրականացնեն բոլոր միջոցները, որպեսզի խուսափեն մասնավորապես՝ բռնությունից, որը վնասում է շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ապրող խաղաղ բնակիչներին։ Այս համատեքստում մենք սատարում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը, որով վերջինս կոչ էր անում կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը Նովրուզ Բայրամի եւ Զատիկի տոների ընթացքում։ Մենք կոչ ենք անում կողմերին պայմաններ ստեղծել այս տարածաշրջանի մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան խաղաղության մեջ նշել այդ տոները»,- ասված է հայտարարությունում։
Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության ներկայացուցչության աջակցությամբ, կշարունակեն աշխատել երկու կողմերի հետ հակամարտության կարգավորման տարրերի, բռնության աճը նվազեցնելուն միտված միջոցառումների եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերի վրա։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ