Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը` գիտնականներին. «Դուք հետաքրքիր չեք, մոդայիկ չեք»

Մարտ 21,2016 15:13

«Դուք հետաքրքիր չեք, մոդայիկ չեք»,- այսօր խորհրդարանում ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ներկա գիտնականներին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեց ՀՀՇ-ի իշխանության տարիները, այդ տարիների օրենսդիր մարմինը, որտեղ ընդգրկված էին բազմաթիվ լուրջ գիտնականներ եւ զուգահեռներ անցկացնելով գիտության եւ կրթության նկատմամբ այն ժամանակվա իշխանության եւ ներկայիս իշխանությունների վերաբերմունքի միջեւ՝ տարակուսեց. «Երկրիդ նախագահը, վարչապետը ի՞նչ կապ ունեն գիտության հետ…»:

Դա դուր չեկավ ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Աիդա Թոփուզյանին, նա վրդովվեց ու տեղից ռեպլիկ արեց. «Ինչո՞ւ եք էդպես ասում»:

Ավելի ուշ, իր ելույթում, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը հակադարձեց Արամ Մանուկյանին` նկատելով, որ շատ էլ լավ է, որ երկրի ղեկավարները կապ չունեն ոլորտի հետ: Նա նկատեց, որ խորհրդային ղեկավարներն էլ կապ չունեին գիտության եւ կրթության ոլորտի հետ, բայց դա ոչնչով չէր խանգարում: Ավելին, օգնում էր:

«Ի՞նչ անենք, վեր կենանք գնա՞նք»,- Արամ Մանուկյանի դիտարկման առիթով էլ իր տեսակետը բարձրաձայնեց ներկա գիտնականներից մեկը:

Արամ Մանուկյանը նկատեց, որ երկու օր առաջ, երբ այս նույն դահլիճում Ընտրական օրենսգիրքն էր քննարկվում, անգամ կանգնելու տեղ չկար`եւ պատգամավորներն էին շատ, եւ լրագրողները: Բայց այսօր, լսումներին անգամ հանձնաժողովի անդամ բոլոր պատգամավորները չէին մասնակցում:

Արամ Մանուկյանը գտնում է, որ գիտություն ստեղծելու համար ազատ մարդ է պետք, մինչդեռ Հայաստանում գիտությամբ զբաղվողները կաշկանդված են սոցիալական վիճակով, դոկտորականների 60 հազարներով: «Միջավայրն այնպիսին չէ, որ գիտնականները քաղաքացի հանդես գան»,-կարծում է Արամ Մանուկյանը` հավելելով, որ չի կարող լինել գիտություն եւ մշակույթ, եթե մարդն ազատ չի: «Ես սա համարում եմ գիտության գարշապարը»,- ասաց նա:

Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն ինչ-որ առումով համամիտ է`գիտության ծախսերում «ամբիցիոզ պետք է լինել»: Նա նկատում է, որ զարգացած երկրները գիտության երեք տոկոս ֆինանսավորում ունեն`անկախ արդյունքներից: «Այսօր արժեքային համակարգի հետ է կապված, որ գիտնականներն արժեւորված չեն: Մենք էլիտար չենք, էլիտար գործունեությամբ չենք զբաղվում: Կոնֆուցիական համակարգում գիտությունը էլիտարների զբաղմունքն էր»,- ասաց Գագիկ Վարդանյանը: Ըստ նրա, պետություն-գիտություն- մասնավոր հատվածի համագործակցության խնդիրը պետք է դրվի:

Արեգ Միքայելյանը համամիտ չէ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի`գիտնականների դասակարգման հետ: «Պատգամավորների մեջ էլ բոլորը լավը չեն: Պիտի վատ գիտնականներ էլ լինեն, որ նրանք ապահովեն լավերի գործունեությունը»,- ասաց Արեգ Միքայելյանը: Ըստ նրա, գիտությունը ռազմավարական պետք է դիտարկել, ոչ թե անմիջապես արդյունք տվող:

Դոկտոր-պրոֆեսոր Էդվարդ Ղազարյանն առաջնահերթ խնդիրը համարում է գիտնականի վարկի եւ հեղինակության բարձրացումը. «Խորհրդային տարիներին դոկտոր-պրոֆեսորը 450 ռուբլի աշխատավարձ էր ստանում, ռայկոմի քարտուղարը`320: Ֆիլմեր, հաղորդումներ էին նկարահանվում ու հասարակության վերաբերմունք էին ձեւավորում»: Նա վրդովվում է, որ փող ունեցող իշխանավորների մոտ մոդա է դարձել`թեկնածուականով չեն բավարարվում, դոկտորականներ են պաշտպանում:

Դոկտոր-պրոֆեսոր Արթուր Իշխանյանն էլ հարց բարձրացրեց. «Իսկ ի՞նչ են պատգամավորներն ու իշխանություններն արել այն հարցերի լուծման համար, որոնք բարձրացնում էին»: Իր համոզմամբ, վերջին 11 տարիների ընթացքում պետությունը գիտության եւ կրթության ոլորտի նկատմամբ ագրեսիվ բացասական վերաբերմունք է ունեցել, բարձրացված խնդիրներն անհարկի ձգձգվել են, լուծումներ չեն ստացել: հիմա, կարծես, փոփոխություն է նկատվում, պետությունը փորձում է դեմքով շրջվել գիտության եւ կրթության ոլորտին:

«Կան բաներ, որ պիտի վեր կանգնենք ամեն ինչից եւ մեղավորներ չփնտրենք, ունենք ներուժ, որը չպիտի կորցնենք»,- Արթուր Իշխանյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորն առաջարկում է գիտության թանգարան ստեղծել`այդպիսով երիտասարդ սերնդին ոլորտ ներգրավել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե.գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով

ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հավաստիացրեց, որ այս լսումները սկիզբն էին եւ հարթակ ստեղծեցին`հետագա, ավելի մանրամասն քննարկումների, լուծումների առաջադրման համար:

Ի դեպ, արդեն քննարկման ավարտից հետո, գիտնականները դժգոհում էին, որ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում քննարկմանը, այլապես ավելի հետաքրքիր կլիներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031