Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյան. «Դրամահավաք» բառով մի վարկաբեկեք ուսուցիչներին

Մարտ 21,2016 14:55

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներքին գնահատման ձեւի մասին ՀՀ կառավարության որոշման համաձայն` դպրոցները ներքին գնահատման արդյունքները պետք է հրապարակեն մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը: Կրթության ոլորտի մասնագետներն այս որոշման մեջ տեսնում են մի խնդիր, որը հարված է ուսուցչի արժանապատվությանը:

«Հայելի» մամուլի ակումբում այսօր Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նախ մասնավորեցրեց, որ նշյալ որոշման նպատակն է` հնարավորինս բարելավել դպրոցների հաշվետու լինելու մեխանիզմը եւ գործունեության թափանցիկությունը, որպեսզի դպրոցի աշխատանքը համայնքի համար լինի պարզ եւ թափանցիկ:

Սակայն տիկին Բախշյանը հաշվարկել է, որ Երեւանի 159 դպրոցներից միայն 43-ն են հրապարակել ներքին գնահատման արդյունքները, որոնք, կրթության փորձագետի խոսքով, լիարժեք չեն. «Օրենքի պահանջով` համայնքները դպրոցին կարող են աջակցել կամավոր դրամական ներդրումներով, գույքով, միջոցառումներին մասնակցելով կամ դրանք իրականացնելով: Դպրոցը պետք է ներկայացնի, թե որքան կամավոր ներդրում է եղել: Մի կողմից ասում ենք, որ դա կամավոր ներդրում է, որովհետեւ դպրոցներում ոչ մի միջոցառում առանց ծնողների ներդրման չի լինում: Մյուս կողմից էլ, տարբեր առիթներով` հատկապես տոներին, պաշտոնյաները օգտագործում են «դրամահավաք» բառը: Թող ասեն` կաշառք եւ նվեր տալ չի կարելի, բայց դրամահավաք ասելով` նսեմացնում են մանկավարժին: Ստացվում է, որ մանկավարժը բան ու գործը թողած` դրամահավաքությամբ է զբաղվում: Պետք է հասկանալ` անպատվաբեր դրամահավա՞քը, թե՞ կամավոր ներդրումն է խրախուսվում»:

Անահիտ Բախշյանի խոսքով` նշյալ փաստաթղթում պետք է հստակեցնել` ինչ է դրամահավաքը եւ կամավոր ներդրումը. «Չի կարելի ամեն բան մի բառի տակ մտցնել եւ հեղինակազրկել ծնողների կամավոր եւ կարեւոր նախաձեռնությունները: Պաշտոնյաներին կոչ եմ անում չկիրառել «դրամահավաք» բառը: Թող ասեն` արգելվում է կաշառքը, խրախուսվում` կամավոր ներդրումը»:

ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանն էլ ընդգծեց, որ ուսուցչի հեղինակությունը հանրային արժեք է. «Ուսուցչին դարձրել ենք բյուրոկրատ, որը կախված է թղթաբանությունից: Բնականաբար, չի կարելի մեծ չափերի նվերներ անել եւ ծնողի սոցիալական վիճակին հարվածող միջոցառումներ իրականացնել, բայց ուսուցիչը եւս կին է եւ մարդ: Չի կարելի տոներից առաջ վատաբանել ուսուցիչներին: Եթե որեւէ դպրոցում կա դրամահավաք, պետք է լինի կամավորության եւ թափանցիկության սկզբունքով»:

Անահիտ Բախշյանը նաեւ նկատեց, որ ծնողներն իրավունք ունեն հետեւել երեխաների ուսումնառությանը, մինչդեռ դպրոցների դռները կողպված են. «Դպրոցն առաջին հերթին երեխայինը եւ ծնողինն է»:

Ռուզաննա Մուրադյանն էլ հակադարձեց` ասելով. «Բոլոր հիմնական դպրոցներում չէ, որ դռները կողպված են: Դուռը փակելը նաեւ երեխայի անվտանգության հարց է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031