Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում քննարկում էր կազմակերպվել ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում Հայաստանի անվտանգության խնդրի թեմայով:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Հայաստանն արդեն իր ընտրությունն արել է՝ ՌԴ-ի դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի անդամը:
ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքերով՝ ի՞նչ ընտրության մասին է խոսքը, ՀՀ-ն ո՞նց կարող է ընտրություն կատարել եւ ընտրել ՌԴ-ի հակառակորդին, դա կլինի իրենց համար դավաճանություն. «Մենք հիմա փաստի առաջ ենք: ՀՀ-ն այսօր հնարավորություն չունի որեւէ ընտրություն անելու, ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանից չեն հարցնում որեւէ բան, թե դու ոնց ես վերաբերվում, ինչ ես մտածում: Ընդամենը քեզ կարող են ներքաշել հակամարտության մեջ: Ֆիզիկապես հնարավորություն չունես հակառակվելու»:
Կարդացեք նաև
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ «Ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս մենք պետք է զգացմունքային մոտեցումներից խուսափենք, հենվենք աշխարհաքաղաքական մոտեցումների վրա: Փորձենք սառը գլխով դատել: 1920 թիվը չպետք է մոռանանք, երբ քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան ՌԴ-ն բաժանեցին իրար մեջ Հայաստանը»:
Պարոն Սաֆրաստյանը պատմեց, թե ինչպես է ժամանակին Սիմոն Վրացյանը օրհասական օրերին, երբ հյուսիսից մտնում էր Կարմիր բանակը եւ քեմալական Թուրքիան կանգնած էր մյուս կողմում, կանչում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին եւ խորհուրդ հարցնում՝ ի՞նչ անենք. «Պատասխանում են՝ մի կողմից թուրքերն են գալիս, մյուս կողմից՝ ռուսները: Թուրքերը գան, ձեզ կկոտորեն, ռուսները գան, ձեզ չեն կոտորի: Պարզ է, որ պետք է դուք ընտրեք մյուս կողմը»:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի գլխավոր շտաբի գնահատականներով՝ ՌԴ-ն միակ ուժն է, որը կարող է Թուրքիային պարտության մատնել այս տարածաշրջանում: Ռուսական վերնախավում էլ
կա խմբավորում, որը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է արագ կարգավորվեն. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է ուրախանանք ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ եւ կարծենք, որ ՌԴ-ն պետք է մեզ համար ինչ-որ քայլեր անի, միամտություն է ակնկալել այդպիսի բան: ՌԴ-ն նման բան չի անի, որոշակի առումով կմեղմացնի իր դիրքորոշումը Սիրիայում: ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը մեկ տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ կկրի: Ես հեռու եմ այն մտքից, որ մեզ ափսեի վրա կմատուցվի ինչ-որ բան՝ Սեւրի պայմանագրի կամ ռուսական անօրինական որոշումների հետ կապված, որոնք մեր իրավունքները ոտնահարել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ