Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կռիվը տիկին Զոհրաբյանի իրավաքաղաքական մտածողության դեմ է». Նախկին ԲՀԿ-ական

Մարտ 21,2016 14:24

Նախկին ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ պատրաստ է ԲՀԿ-ի կազմում մնալ, եթե կուսակցության ղեկավարը փոխի մարտավարությունը:

«Ես նրա հետ անձնական խնդիր չունեմ, իմ կռիվը կուսակցության պատիվը բարձր պահելու համար է, իմ կռիվը տիկին Զոհրաբյանի իրավաքաղաքական մտածողության դեմ է: Կուսակցության հիմնադրման օրից մեծ ներդրում եմ ունեցել եւ ցավալի է, որ այդ կուսակցությունը շատ արագ գնում է անկում»,-այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց կուսակցությունից հեռացված Գեւորգ Պետրոսյանը:

Նա, ի դեպ, պատրաստվում է դատի տալ Նաիրա Զոհրաբյանին, իր խոսքով, խախտված իրավունքները վերականգնելու համար: Պարոն Պետրոսյանը համոզված է, որ իրեն ապօրինի են հեռացրել կուսակցության շարքերից՝ առանց կուսակցության քաղխորհրդի որոշման: Ըստ նրա, կուսակցությունից իրեն հեռացնելու որոշումը տիկին Զոհրաբյանը կատարել է հեռախոսազանգով, ընդամենը Ավան վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավարին ստիպելով: Ըստ նրա, ԲՀԿ-ն ունի ինքնամաքրվելու կարիք ու պետք է ինքնամաքրվի առաջինը Նաիրա Զոհրաբյանից:

Հեռացված կուսակցականը վստահեցնում է՝ բազմահազար ԲՀԿ-ականներ այսօր դժգոհում են ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից, բայց ինքն է որոշել դժգոհությունները բարձրաձայնել:

«Այսօր ԲՀԿ-ն չունի կոնկրետ գաղափարախոսություն, գաղափարախոսությունը պետք է արտացոլվեր կուսակցության կանոնադրության մեջ: Բայց համոզված եմ՝ եթե հստակ գաղափարախոսություն ամրագրվեր, դա կխանգարեր տիկին Զոհրաբյանին վաղը մանեւրել: Կայացած կուսակցությունը գաղափարախոսություն ունեցող կուսակցությունն է»,- ասաց նախկին ԲՀԿ-ականը:

Գեւորգ Պետրոսյանը 2010-ից ԲՀԿ-ն լքել էր, նա կրկին ԲՀԿ վերադարձավ հինգ տարի հետո ու ինչպես ինքն է պնդում՝ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով:

«Նա ինձ հարցրեց՝ ինչ պայմաններով կվերադառնամ կուսակցություն, ես ասացի՝ եթե պատասխանատու որոշումները համապատասխան քննարկումների արդյունքում ընդունվեն, եւ ոչ թե միանձնյա:

Առաջին պայմանը խախտվեց, երբ նոր էի վերադարձել ու արտահերթ համագումար անցկացնելու անհրաժեշտություն եղավ, մի հանդիպում է եղել, կարծիք եմ հայտնել, որ նախադրյալներ չկան արտահերթ համագումարի, կամ եթե գնում ենք համագումարի, ապա լավ առիթ է, որ օրակարգում ընդգրկվեն կարեւոր հարցեր, օրինակ` կանոնանդրության կարեւոր եւ այլ հարցեր ներառելը, եւ ոչ թե արտահերթ համագումար հրավիրել ու կուսակցության նախագահի լիազորություններն ավելացնելու հարց ներառել:

Իմ կարծիքը կոշտ դիմադրության արժանացավ, կարծիքս դիտվեց կոպիտ նախաձեռնություն: Հեռախոսով մի քանի անգամ զանգահարել ու հետաքրքրվել եմ՝ ինչ հանձնարարություններ ունի ինձ համար, անընդհատ կրկնեց՝ կզանգեմ, ես կասեմ ու այդպես ոչ մի կապ չեղավ:

Կրկնում եմ՝ իմ խորին համոզմամբ, նա քանդում է կուսակցությունը. մինչեւ նրա գալը, կուսակցությանը մեղադրում էին՝ բարեգործական կուսակցություն է, նրա գալուց հետո ենթադրվում էր՝ կուսակցությունը պետք է անցում կատարեր քաղաքական ուղեգծի, բայց այսօր ոչ այն ունենք, ոչ՝ այն»:

Գեւորգ Պետրոսյանը պահանջում է նաեւ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը. «Խնդրում եմ՝ ինձ տրամադրեք, որ գնամ դատարան իմ իրավունքները վերականգնեմ»:

Նաիրա Զոհրաբյանի պարզաբանումը՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031