Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ամենավերջին տականքի հոգում մի լուսավոր կետ կա»

Մարտ 21,2016 14:02

Տիկնիկային թատրոնի միջազգային օրը Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները նշում են հավաքույթով, շնորհավորանքներ ստանում այլ երկրների գործընկերներից: «Երբ կարող ես աշխատանքից բավականություն ստանալ, տոնն իսկապես տոն է, ոչ թե պարտադրված երեւույթ»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի թատրոնը տոնեց 80-ամյակը. «Տարին հարուստ էր նոր ներկայացումներով: Բեմադրեցինք տիկնիկային եւ մոնո ներկայացումներ, մասնակցեցինք 8 միջազգային մրցույթների: Ամենակարեւորը` մեր խաղացանկը հիմնականում կազմված է երիտասարդ բեմադրիչների եւ նկարիչների ներկայացումներից: Շատ ուրախ եմ, որ մեր դերասաններն ունիվերսալ են, խաղում են ոչ միայն տիկնիկային, այլեւ դրամատիկ թատրոններում: Որքան դերասանը պահանջված է, այնքան մեծ է թատրոնի պատիվը: Չեմ խանդում, երբ մեր դերասանները հրավիրվում են տարբեր միջոցառումների»,-նշեց նա:

Բաբայանի խոսքով` պետք է այնպես անել, որ թատրոնի հետ երեխայի առաջին հանդիպումը չդառնա վերջինը. «Թատրոնը կարող է կայանալ միայն հանդիսատեսի հետ շփման արդյունքում: Թատրոնը կամ այսօրվանն է, կամ չկա: Օրինակ` «3 խոզուկները» ներկայացման մեջ կարեւոր գաղափար կա` եթե ուզում ես թշնամին չմտնի տունդ, ամուր կառուցիր այն: Սա հասարակ հեքիաթ է, որը երեխայի մեջ մտցնում է այս գաղափարը: Բացի այդ, ամենավերջին տականքի հոգում մի լուսավոր կետ կա: Եթե մարդուն մութ կյանք ենք ցույց տալիս, մեծ մեղք ենք գործում մարդու եւ արվեստի առջեւ: Չի կարելի մարդու մեջ մեռցնել հույսը: Անգամ ամենադժվար պայմաններում պետք է ցույց տալ, որ լուսավոր բան կա: Ուստի կարեւոր է, որ հանդիսատեսը դահլիճից դուրս կգա լուսավոր գաղափարներով: Արվեստի խնդիրն է` գեղագիտական միջոցներով մարդուն հնարավորություն տալ իր մեջ լուսավոր բան գտնել»:

Ինչ վերաբերում է Տիկնիկայինի խնդիրներին, տնօրենն այսպես արձագանքեց. «Խնդիրներ չեն լինում միայն գերեզմանատանը…Թատրոնը կազմակերպչական ձեւով մնացել է սովետական եւ տեղից չի ուզում շարժվել, մինչդեռ արվեստն ազատություն է պահանջում: Կարծրացած վիճակը, որը պարտադրվում է թատրոններին, խանգարում է ստեղծագործական գործունեությանը: Բացի այդ, երբեք պետք չէ ամաչել ու խուսափել աշխարհի հետ շփվելուց: Արվեստը հաղորդակցվող է: Երբ փորձում ես աշխարհի հետ կապը կտրել, ինքդ քեզ ես խեղճացնում»:

Ռուբեն Բաբայանը հպարտ է, որ Հայաստանին արտասահմանում ճանաչում են նաեւ ներկայացումներով. «Օտարերկրացի հանդիսատեսը հարցնում է Հայաստանի մասին, դու էլ պատմում ես: Թատրոնի շփումը դրսի հետ բավականին կարեւոր է: Նաեւ չմոռանանք, որ Տիկնիկային թատրոնը միայն երեւանցիներինը չէ: Այդ պատճառով էլ նախորդ տարի գնացել ենք սահմանամերձ գյուղեր: Չեք պատկերացնի, թե ինչ տոն էր երեխաների համար: Համոզված եմ, որ հենց նրանց մոտ պետք է գնալ եւ խաղալ, ոչ թե հրավիրել Երեւան: Երեխան չպետք է ինչ-որ բանից զրկված լինի միայն իր բնակության վայրի պատճառով»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031