Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ֆեյսբուքի միջոցով, հրապարակային մի քանի խորհուրդներ է տվել իր հիմնադրած Միասնական ազգային շարժում կուսակցության ներկայիս ղեկավարներին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Սահակաշվիլին խորհուրդ է տվել կուսակցության ղեկավարությանը 2016թ. աշնանը նախանշված Վրաստանի խորհրդարանի ընտրություններին ներկայացնել պատգամավորների թեկնածուների մի ցուցակ, որի կեսը կլինեն կանայք։
Վրաստանի նախկին նախագահը իր խորհուրդը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Այդ քայլով, առաջին հերթին, մենք կընդգծենք կնոջ կարևորությունը վրացական հասարակությունում։ Դա օբյեկտիվորեն կնպաստի նորարարություններին և ավելի լավ կնախապատրաստի մեզ՝ ընտրություններում մեր անխուսափելի հաղթանակին։ Վստահ եմ՝ մեզ համար ամենևին բարդ չի լինի առաջադրել և ընտրել արժանի կին թեկնածուների։ Այս ամենին զուգահեռ մենք պետք է ճիշտ ժամանակին հասարակությանը ներկայացնենք այդ թեկնածուներին»։
Հիշեցնենք, որ Միասնական ազգային շարժում կուսակցությունը հիմնադրվել է 2001թ. Վրաստանում։ Կուսակցության ծրագրային հիմնական դրույթներից են Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների լուծումը։ 2012թ. Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրությունների արդյունքներով կուսակցությունը պարտվեց Վրացական երազանք դաշինքին և համալրեց Վրաստանի ընդդիմադիրների շարքերը։