«Մեր վերջին հանդիպման ժամանակ նրանց այդ հարցը բացարձակապես չի հետաքրքրել եւ չեն բարձրացրել, իսկ նախկինում նրանք պնդել են, որ դա մարդու իրավունքների խախտում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`ի վերջո, քվեարկածների ցուցակների հրապարակման հարցում ո՞րն է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, քանի որ խորհրդարանական ճեպազրույցներում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ուրբաթ օրը հայտարարել էր. «Իրականությանը չեն համապատասխանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի այն պնդումները, որ Վենետիկն է արգելել: Նախկինում էլ ասել են, ձեր խնդիրն է`կան երկրներ, որ հրապարակում են, կան`չեն հրապարակում: Վենետիկն ասում է՝ ինձ համար միեւնույն է, իսկ Սահմանադրական հանրաքվեից հետո, շատ բան տեսնելով, ասացին`կողմ ենք»:
Եվրոպացի փորձագետների հետ հանդիպումից տպավորված եւ ոգեւորված էին նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Մինչդեռ փորձագետների հետ հանդիպումից հետո, տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ ինքը տասն անգամ տվել էր հարցը`խնդրելով ուղիղ, դիվանագիտական զեղումներից զերծ պատասխան, բայց փորձագետներն իր հարցերին հարցերով պատասխանելով`շրջանցել էին:
Ի դեպ, եվրոպացի փորձագետների հետ հանդիպումներից հետո, ընդդիմադիր գործիչներից մեկն, ով չցանկացավ իր անունը հրապարակել, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ փորձագետները կտրուկ դեմ են այդ ցուցակների հրապարակմանը, քանզի դա կարող է իշխանության ձեռքին լծակ դառնալ`մարդկանց մասնակցությունն ընտրություններին ապահովելու համար: «Հնարավոր է, մեկը խոստացել է գնալ ընտրության, բայց չի գնում, այդպիսով կդառնա թիրախ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
«Ցուցակների փակցնելը պարզապես պատրվակ է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը`հավելելով. «Եթե մենք այդքան ասում ենք, թե ինչ գործիքներ ենք առաջարկում`ընտրություններից հետո վստահված անձինք, դիտորդները հնարավորություն ունեն ցանկացած ընտրատեղամասի ցուցակը ստանալ եւ հետազոտել: Երբ խախտումները կտեսնի բացահայտ են`կարող է դիմել դատարան եւ բացել տրցակները»:
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, ընդդիմադիրներն այդքան պնդում են քվեարկածներ ցուցակները հրապարակելու հարցը, որպեսզի ընտրություններից հետո հայտարարեն, թե իշխանությունը հակասահմանադրական գործողություններ է արել, քանի որ կա 2014 թվականի ՍԴ-ի որոշում`ցուցակները չհրապարակելու մասին:
Դիտարկմանը, այնուհանդերձ, ի՞նչն է խանգարում իշխանությանը`համաձայնել հրապարակել այդ ցուցակները եւ ցույց տալ, որ իրենք ընդդիմությանն ընդառաջ գնալու, ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մթնոլորտ ստեղծելու համար որեւէ խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ցուցակներ փակցնել, նշանակում է մարդկանց, առավել եւս չինովնիկներին ստիպել, որ դու պարտադիր պետք է գնաս ընտրության: Այլապես, քո նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն, քո ղեկավարությունը այլ վերաբերմունք կունենա: Մարդու ազատ կամքի արտահայտման ձեւի սահմանափակում է: Վերադասները կարող են շատ հեշտ տեսնել, թե ովքե՞ր են իրենց խոստացել գնալ ընտրությունների ու չեն գնացել: Դա մարդկանց «ռամկաների» մեջ դնելու մեխանիզմ է»:
ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ դա լրացուցիչ առիթ կլինի սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու եւ իրավապահներին դրանցով զբաղվելու պարտադրանքի համար. «Այդ մարդկանց նպատակը այս է`խլրտում մտցնել հասարակության մեջ»:
Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվեց գլխավորել եւ կազմակերպել թե սահմանադրական բարեփոխումների գործընթացը, թե դրանից բխող`ԸՕ-ի, բայց հրաժարվեց: «Հիմա ինչ իդեալական օրենսգիրք էլ բերենք, եթե իրենից մեկին թաքուն տանեինք մյուս սենյակ, գրեր`իրենք չիմանային, անմիջապես բոլորը դեմ էին կանգնելու: Ինչո՞ւ իրենք ալտերնատիվ նախագիծ չեն դնում շրջանառության մեջ»,-հարցնում է իշխող ուժի ներկայացուցիչը`հավելելով, որ իրենք ամբողջապես կողմ են Լեւոն Զուրաբյանի առաջարկած «4+4+4» տարբերակին կամ մեկ այլ ձեւաչափի, նաեւ տեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, բայց «իրենց ուզածն այն է, որ երկու հոգով 70-ի հետ կոնսենսուսի գնան»:
Վահրամ Բաղդասարյանը վստահ է`նույնականացման քարտերով քվեարկության անցկացումը հնարավորություն կտա լուծել ընտրական ցուցակների «մաքրման» հարցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ