ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը 10 օր առաջ է եղել Սիրիայի հայկական համայնքում: Այս մասին նա այսօր «Հայացք» մամուլի ակումբում պատմեց լրագրողներին: Նշեց, որ Բեյրութով է գնացել, ճանապարհին խաղաղ էր, հայկական անձնագրով էլ անցել է:
«Եղել եմ Դամասկոսում, շրջեցի բավական շրջաններ: Երեք օրվա ընթացքում, որ եղել եմ ոչ մի փամփուշտի ձայն չեմ լսել, իսկ արվարձաններում, չնայած որ համաձայնություն կար հրադադարի մասին, հրաձգությունը չէր դադարել»,- պատմեց նա՝ նշելով, որ Սիրիական պետությունն ուզում է, որ այդ արվարձաններն ազատագրի ահաբեկիչներից:
«Սիրիայի արվարձանների մոտ 85 տոկոսն ազատագրված է: Բավական խաղաղ էր, դպրոցները շարունակում էին իրենց աշխատանքը, բայց ահուսարսափով, որովհետեւ ամեն անգամ սպասում էին, որ ռմբակոծություն կլինի»,- ասաց պարոն Մեսրոպյանը՝ ավելացնելով, որ երկու օր առաջ ռմբակոծություն եղավ եւ զոհեր ունեցանք:
Անդրադառնալով ռուսական զորքերի տեղակայմանը Սիրիայում՝ պարոն Մեսրոպյանն ասաց, որ ռուսական զորքը ճիշտ ժամանակին եկավ օգնության Սիրիական պետությանն եւ ժողովրդին: Ըստ բանախոսի՝ հիմա արվարձանների 85-ն տոկոսն ազատագրված է: «Թեժ կռիվներ են գնում հիմա հիմնականում Դերզորում: Սա գալիս է նրանից, որ Թուրքիայի դերակատարությունը մեծ է,- ասաց նա՝ խոսելով նաեւ ռուսական զորքերի մասնակի դուրսբերման մասին,- Ես հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ ռուսական բազաները ներկա են Սիրիայում, ռուսական զորքերը դեռ Սիրիայում են, ռուս մասնագետները Սիրիայի կողքին են: Իմ կարծիքով, որպեսզի Ժնեւի բանակցություններն ավելի սահուն լինեն, իր զորքը հետ տարավ Ռուսաստանը»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Սիրիայի հայերն ինչպես են վերաբերում Սիրիայի խնդրում ռուս-թուրքական կոնֆլիկտին, ինչ հետեւանքներ են սպասում, պարոն Մեսրոպյանը նշեց. «Մենք, որպես հայեր, ընդհանրապես չենք խառնվում ռուս-թուրքական քաղաքական կոնֆլիկտին: Ձեռնպահ ենք մնացել»:
Պարոն Մեսրոպյանը, խոսելով Սիրիայում ապրող հայերին, նշեց, որ մոտ 35 000-ից մնացել են 10 000-ը: Բանախոսը նաեւ խոսեց հայկական համայնքի մասնակցությանը Սիրիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին. «Յոթ թեկնածու ունենք Հալեպից, երեքը՝ Դամասկոսից: Լավ կլիներ, որ հայերը միանային, երկու թեկնածու դնեին»,- ասաց նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ