Թվիթեր սոցիալական կայքում գրանցվելուց 3 տարի հետո՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գրանցվել է նաև Ինստագրամում։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։
Թվիթերում Հռոմի պապի էջին հետևում են 25 միլիոնից ավելի մարդիկ։ Ինստագրամում Ֆրանցիսկոսի գրանցվելու փաստը մեկնաբանվել է Վատիկանի տարածած հաղորդագրությունում. «Ինստագրամը կօգնի ներկայացնել Հռոմի պապի գահակալությունը նկարների միջոցով։ Սա հնարավորություն է հետևել և ավելի շատ տեղեկացված լինել Պապի մասին»։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Ինստագրամում գրանցվելու իր արարքը. «Ձեզ հետ լինելու համար, Աստծո ողորմածությամբ և գթասրտությամբ, նոր ճանապարհորդության եմ դուրս գալիս Ինստագրամում»։
Այս նույն ուղերձի ձայնային տարբերակը Պապը հրապարակել է նաև Ինստագրամում։ Կայքում գրանցվելուց մեկ օր անց Պապի էջին հետևողների թիվը գերազանցել է 1 միլիոն 200 հազարը։ Ինստագրամում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գրանցվել է @franciscus անվամբ։