Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Փոքրամասնություն լինելու վտանգը

Մարտ 21,2016 15:00

Սոցիալական «վատ» համաճարակների դեմ
իմունիտետը մեզանում գրեթե բացակայում է

1958 թվականին խորհրդային էկրան էր բարձրացել «Կոմունիստ» ֆիլմը: Եթե մի կողմ թողնենք գաղափարախոսությունը եւ մնացած արտաքին «աքսեսուարները», դա տաղանդավոր, իր ժամանակի համար նորարարական ստեղծագործություն էր, որն, ի դեպ, միջազգային ճանաչման արժանացավ: Կա այդ ֆիլմում մի այսպիսի դրվագ. գլխավոր հերոսը (որի դերն էր խաղում շատ օժտված երիտասարդ դերասան Եվգենի Ուրբանսկին) պետք է տեղ հասցնի պարենով գնացքը, որը, սակայն, կանգնել էր, որովհետեւ վառելիք չուներ: Կայարաններից մեկում երկու աշխատակիցներ անհաղորդ են մնում Ուրբանսկու հերոսի հորդորին՝ ինչ-որ բանով օգնել: Եվ այդ ժամանակ նա վերցնում է կացինը ու սկսում է կտրել հսկայական ծառեր: Մեկ օր անընդմեջ աշխատանքից հետո երկու «ծույլիկները» միանում են նրան: Այդ երկու հոգին կոմունիստ չդարձան, պարզապես վարակվեցին հերոսի հավատով: Լավ եւ վատ բաներով վարակվելու հոգեբանական մեխանիզմները դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չեն:

Ինչպես եւ աշխարհի միլիոնավոր պատանիներ, ես իմ առաջին ծխախոտը ծխեցի դպրոցի զուգարանում: Իհարկե, ոչ այն պատճառով, որ անդիմադրելի ցանկություն ունեի նիկոտին վայելելու (բարեբախտաբար, նման ցանկություն երբեք չեմ ունեցել ու չունեմ), այլ պարզապես իմ հասակակիցների հետ անկաշկանդ շփվելու համար: Ծխելը սոցիալական ադապտացիայի մեխանիզմ էր: Եթե դպրոցում իմ հասակակիցների մեծ մասը դասերից հետո գնար մարզադահլիճ, ես, հավանաբար, կվարակվեի դրանով: Այսպիսով՝ մենք միշտ ընտրության առաջ ենք կանգնում՝ վարակվել օգտակար եւ վնասակար վարքագծով կամ էմոցիաներով: Բայց համաձայնեք, վնասակար վարքով վարակվելն ավելի հավանական է, եւ հոգեբանների հետազոտությունները հենց դա են ցույց տալիս:

Հոլանդական Գրոնինգեն համալսարանի գիտնականները հատուկ թողնում էին հեծանիվներն այն ցուցանակի տակ, որն արգելում էր դա անել, մթերքի համար նախատեսված սայլակները տանում էին կայանատեղի՝ չնայած դա չանելու հորդոր պարունակող պաստառ նույնպես կար: Դա մնացած մարդկանց համար «ապացույց» էր հանդիսանում, որ կարելի է նույնն անել: Ավելին, «ոգեւորվելով» այդ վատ օրինակներով՝ մարդիկ սկսեցին նույն վայրերում աղբ թափել եւ խոտ տրորել: Հիրավի, ճիշտ էր նկատել պրոֆեսոր Պրեոբրաժենսկին «Շան սիրտը» վիպակից, որ ավերածությունները սկզբում մեր գլուխներում են առաջանում:

Կա եւս մի նրբություն. երբ սխալ վարքագծի դեմ քարոզչությունն ուղեկցվում է վիճակագրական տվյալների հրապարակմամբ, դա կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ: Օրինակ՝ եթե անցկացվի որեւէ լուրջ սոցիոլոգիական հետազոտություն եւ պարզվի, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանների, ասենք, 86 տոկոսը կաշառակեր է, ապա դա ազդակ կլինի այդ գործին անցնողների համար, որ հենց դա է «գաիշնիկի» համար օրինակելի վարքը. եթե 86 տոկոսն այդպիսին է, ապա ինչո՞ւ ես պետք է այդպիսին չլինեմ: Մարդիկ սովորաբար ձգտում են «միջին թվաբանական» վարքին՝ հակառակ դեպքում քո համայնքը, քո խումբը, քո ազգը կարող են քեզ «թարս նայել»: Տվյալ դեպքում՝ եթե դու ճանապարհային ոստիկան ես եւ չես մտնում այդ 86 տոկոսի մեջ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ քեզ չեն ընդունի, կվտարեն այդ «համքարությունից»: Ինչ-որ օրինակելի խմբի ստանդարտներին հավատարիմ լինելը մարդկային վարքի ամենահզոր խթանիչ ուժն է:

Ինչո՞վ է վարակված Հայաստանի բնակչության մեծամասնությունը: Տարբեր լավ եւ վատ բաներով: Վերջիններից է «էս երկրի վիճակի» մասին «խեղճուկրակ» խոսակցություններով «ազատ ժամանակն» անցկացնելը: Այս խոսակցությունները խիստ վարակիչ են, ավելի վարակիչ, քան խոզի գրիպը կամ նույնիսկ ժանտախտը, քանի որ այդ համաճարակների դեպքում շանսեր կան, որ մարդկանց օրգանիզմում իմունիտետ կա, իսկ ահա սոցիալական իմունիտետները մեզանում գրեթե բացակայում են: Եթե այդ խոսակցությունների ժամանակ ասես, որ դա «էս երկիր» չի, այլ մեր պետությունն է, դա կընկալվի որպես խիստ մարգինալ տեսակետ, ավելի մարգինալ, քան կաշառք չվերցնող «գաիշնիկի» դիրքորոշումը: Սոցիալական համաճարակը արագորեն տարածվել է 25 տարում՝ իհարկե, ինչպես բոլոր համաճարակները, օբյեկտիվ հիմքեր ունենալով: Միջին եւ բարձր տարիքի մարդկանց մոտ գրեթե բացակայում է իմունիտետը, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ դիմադրողականությունը կոտրվի նաեւ երիտասարդների մոտ:

Լուծումը պարզ է. մանկապարտեզից երեխաներին սովորեցնել, որ որեւէ հարցում փոքրամասնության մեջ մնալը դատապարտելի եւ արգահատելի չէ, ինչպես նաեւ՝ սովորեցնել մնացածներին, որ եթե մարդն ինչ-որ բանով տարբերվում է «հիմնական զանգվածից», դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Ես, օրինակ, ձախլիկ եմ, բայց 1967 թվականին, երբ ես դպրոց գնացի, խորհրդային մանկավարժությունը պնդում էր, որ դա վատ է ընկալվելու: Դրա համար էլ ես գրում եմ աջ ձեռքով:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    զարմանալի է որ, այդ սոցիալիստական ժամանակներին, չեն պարտադրած որ ամէն քաղաքացի ձախլիկ լինի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031